Արմինֆո.ՀՀԿ-ին վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցությունից հետո մեկ օրվա ընթացքում 7000 մարդ կառավարող կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ավելի վաղ Կարեն Կարապետյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում են գրել: Կարապետյանը և Մարտիրոսյանն իրենց որոշումը հիմնավորել են մեկ համերաշխ թիմով աշխատելու անհրաժեշտությամբ` առաջադրված խնդիրներն ավելի արդյունավետ իրագործելու համար: Առաքելյանը հայտարել է որ իրեն մոտ է ՀՀԿ գաղափարախոսությունը, թեև ծանոթ չէ Նժդեհի աշխատություններին, որոնք ընկած են ՀՀԿ գաղափարախոսության հիմքում:
Իսկ ահա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն առայժմ չի կողմնորոշվել ՀՀԿ-ին անդամագրվելու առնչությամբ և խնդրել է հետաձգում մինչև 2017 թվականի ապրիլ: Իսկ ապրիլին, ինչպես հայտնի է, Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, ինչից հետո կառավարությունը հրաժարական կտա: