Արմինֆո. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, ով կալանավորվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, հանդես է եկել հայտարարությամբ, որում բողոքում է «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարության կողմից իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքից:
Արարատ Խանդոյանն իր պաշտպան Արա Ղարագյոզյանի միջոցով տարածած հայտարարությունում գրել է. «Սույնով հայտնում եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգի ցուցումով եւ իմ քաղաքական հայացքների պատճառով ներկայումս ես որպես քաղբանտարկյալ գտնվում եմ ՀՀ ԱՆ «նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. 24.11.2016թ.-ին իմ նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ եւ ինձ հինգ օրով տեղափոխել են պատժախուց: Պատժախուցը գտնվում է նկուղային հարկում՝ ցուրտ եւ խոնավ, որի պատուհանի ապակին կոտրված է, ցուրտը ներթափանցում է խուց: Քանի որ ես լինելով Արցախյան ազատամարտի մասնակից եւ որի ընթացքում վիրավորվելով կորցրել եմ առողջությունս, մասնավորապես ձախ երիկամս, փայծախս, լյադրիս ձախ բլիթի մի մասը եւ հաստ աղիիս որոշակի հատվածը: Իմ այս վիճակը հաշվի չառնելով ինձ տեղափոխել են անմխիթար վիճակում գտնվող պատժախուց: Պատժախուցը չի ջեռուցվում եւ ամենասարսափելին այն է, որ պատժախցի պատուհանի ապակին կոտրված է եւ ցուրտը ներթափանցում է պատժախուց: Նախ նշեմ, որ իմ պարագայում այդպիսի պայմաններում ինձ պահելը անմարդկային դաժան վերաբերմունք է, որը հանգեցնում է կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմամբ: Նման ձեւով ռեժիմը ցանկանում է ճնշում գործադրել, ինչպես իմ, այնպես էլ իմ եղբոր՝ քաղբանտարկյալ Արայիկ Խանդոյանի նկատմամբ: Սա եւս հիմք է տալիս ենթադրելու, որ մենք ենթարկվում ենք քաղաքական հետապնդման եւ մեր կալանավորումը քաղաքական որոշում է»:
Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը պատրաստվում է բողոք ներկայացնել ՀՀ Արդարադատության նախարարությանը, ՔԿՎ-ին, եւ ՄԻՊ-ին` իր պաշտպանյալին խոշտանգելու համար: