Արմինֆո. Հայաստանը մտադիր չէ ռուսաց լեզվին տալ երկրորդ պետական լեզվի կարգավիճակ: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մեկնաբանելով ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը:
«Ես ուզում եմ, որ բոլորը մեկընդմիշտ արձանագրեն, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, որը հանդիսանում է անկախ Հայաստանի Հանրապետության հիմնարար արժեք: «Լեզվի մասին» մեր օրենքը փոփոխության ենթակա չէ»,-հայտարարել է նա: Միևնույն ժամանակ, ըստ Մկրտչյանի, եթե Հայաստանն ուզում է զարգացնել երկրի գիտա-տեխնիկակամն ներուժը, ապա մեր քաղաքացիները պետք է մայրենի հայոց լեզվի հետ միասին տիրապետեն նաև օտար լեզուների:
Նախարարը հիշեցրել է, որ եվրոպական երկրներում նորմա է հանդիսանում մայրենի լեզվից բացի երեք օտար լեզուների օգտագործումը: Իսկ Հայաստանը, ըստ Մկրտչյանի, ընթանում է առնվազն երկու օտար լեզվի ուսուցումը խորացնելու ուղիով:
Ըստ նախարարի, ռուսաց լեզվի պարագայում կարևոր դեր է խաղում այն գործոնը, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, որտեղ միջպետական հարաբերությունների շրջանակներում բոլոր կոմունիկացիաներն իրականացվում են ռուսաց լեզվով: «Մենք գտնվում ենք նաև Ռուսաստանի հետ ռազմա-քաղաքական համագործակցության տարածքում, հետևաբար, ռուսերենի իմացությունը պարզապես անհրաժեշտություն է, բայց դա բոլորովին էլ չի նշանակում ռուսաց լեզվին երկրորդ լեզվի կարգավիճակի շնորհում»,-հայտարչրարել է Մկրտչյանը:
Նախարարն ընդունում է, որ ռուսաց լեզուն ամենատարածվածն է Հայաստանում: «Մենք հետաքրքրված ենք դրա զարգացման և ամրապնդման մեջ, բայց դրա հետ մեկտեղ հետաքրքրված ենք նաև անգլերենի զարգացման մեջ: Բայց անձամբ ես շատ ու շատ եմ անհանգստանում, որ մենք աստիճանաբար կորցնում ենք գերմաներենի և ֆրանսերենի տիրապետումը»,-հայտրարել է նախարարը: Նշենք, որ ավելի վաղ ՅՈւՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան նախորդ շաբաթ հայտարարել էր, որ նախկին խորհրդային երկրներում ռուսերենին պետք է տրվի հատուկ կարգավիճակ: