Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև «Թեժ գիծ» գործել է մինչև 1994 թ. հրադադաի մասին պայմանագրի ստորագրումը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
««Թեժ գիծը» գործել է շատ արդյունավետ, ըստ որում՝ բոլոր մակարդակներով: Եվ այն սկսել է ավելի ակտիվ գործել, երբ Հեյդար Ալիևը նախաձեռնել է բանակցությունները: Նույնիսկ մարտական գործողությունների ժամանակ գործել է «Թեժ գիծ», ինչը կարևոր է »,- ասել է փոխնախարարը:
Սակայն, նրա խոսքով, տվյալ փուլում Երևանի և Բաքվի միջև «Թեժ գիծը» չի օգնի, քանի որ չկան մարտական գործողություններ, այլ կան դիվերսիաներ: «Դիվերսիաների դեպքում այն չի օգնի: Այսօր կարելի է խոսել բարձր մակարդակով «Թեժ գծի» մասին: «Երբ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդրվեն և ընդլայնվեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունները, ապա որպես լրացուցիչ վստահության միջոց՝ բացառված չէ հրամանատարների միջև «Թեժ գծի» ստեղծումը»,- ասել է Քոչարյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման օգտին՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին օպերատիվ արձագանքելու համար: «Կարելի է, եթե դա օգուտ բերի, եթե մենք օպերատիվ արձագանքենք իրադարձություններին: Ենթադրենք՝ շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, և, մեր տվյալներով, ադրբեջանցիներն են կրակում, ես վերցնում եմ հեռախոսը, զանգում եմ Ադրբեջանի նախագահին և ասում եմ՝ «կրակում են»։ Եվ նա իսկապես ստուգում է», -ասել է Սարգսյանը «Ռոսիա սեգոդնա» միջազգային լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում: