Արմինֆո. Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը դոփում է տեղում մեկ պարզ պատճառով. Ադրբեջանը բանակցային գործընթացն օգտագործում է որպես վարագույր` բանակցություններ ձևացնելու համար: Նոյեմբերի 23-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով պատերազմի պատրաստ լինելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները:
«Իրականում Ադրբեջանը բոլորովին այլ քաղաքականություն է վարում. Ն ախ` տարածում է իր քարոզչությունը, որը կառուցված է հակամարտության էության լիակատար խեղաթյուրման վրա, թե, իբր, այստեղ ինքնորոշման հարց չկա, այլ դա տարածքային վեճ է` այդպիսով բարենպաստ հող ստեղծելով ապագայում հարցի ռազմական կարգավորման համար: Երկրորդ` Ադրբեջանն, իր պատկերացմամբ, կարծում է, թե այն ընթացքում , երբ ինքը նավթադոլարների հաշվին ամրապնդում է իր ռազմական ներուժը, երկու հայկական հանրապետություններն աղքատանում են և թուլանում, սակայն ապրիլյան իրադարձությունները ցրեցին Ադրբեջանի այդ պատրանքը: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ կայծակնային պատերազմի նրանց ակնկալիքները չեն արդարանում: Այլ բան է, որ մենք ևս բացթողումներ ունեինք, և քայլեր են ձեռնարկվում դրանք վերացնելու համար: Եվ այստեղ ես լիակատար վստահությամբ կարող եմ ասել, որ, եթե պաշտոնական Բաքուն այդպիսի նոր փորձեր ձեռնարկի, դրանց արդյունքն ադրբեջանական կողմի համար կլինի շատ ավելի ծանր», - հայտարարել է Քոչարյանը:
Նա նաև համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե հայկական կողմի պատճառով Ղարաբաղի հարցում առաջընթաց չկա: «Ուզում եմ ասել, որ Ադրբեջանի հայտարարությունները լիովին հակասում են իրականությանը: Հայկական կողմերը երբեք չեն խուսափել հանդիպումներից: Դրանցից միակ ակնկալիքն այն է, որ հանդիպումները լինեն արդյունավետ: Դրանց արդյունավետության մասին ինքներդ կարող եք դատել. այսօր բանակցային գործընթացում առաջընթաց չկա: Ավելին, անհնար է առաջընթաց ակնկալել այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածոթյունները, քանզի անիրատեսական է տեղաշարժ ակնկալել բանակցային գործընթացում, քանի դեռ առկա է մարտական գբրծողությունների վերսկսման վտանգ, կողմների միջև չկա վստահություն, քանի դեռ կրակում են, սադրանքներ նախաձեռնում շփման գծում, դա այն իրականությունն է, որն արձանագրվել է Վիեննայի գագաթնաժողովում ապրիլյան պատերազմից հետո: Եվ բանակցություններ պետք է վարել, առաջին հերթին, այդ ուղղությամբ, որպեսզի կյանքի կոչվի 1994 թվականի հրադադարի շուրջ համաձայնագիրը», - նշել է դիվանագետը:
Նրա ասելով, Վիեննայում խոսք է գնացել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման մասին, սակայն դա նորություն չէ, դա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է, քանի որ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև 1995 թվականի եռակողմ համաձայնագրով այդ տարրն արդեն համաձայնեցված է: «Այլ հարց է, որ Ադրբեջանն առ այսօր տորպեդահարում է այդ առաջարկությունը», - նշել է Քոչարյանը:
Նա նաև հավելել է, որ մեխանիզմների կիրառման հարցը միջնորդները բարձրացնում են, որպեսզի, ներդնելով համակարգ, պարզեն, թե երբ, ում կողմից և ինչպես է իրակնացվել խախտումը: «Այն հանգամանքը, որ հենց Ադրբեջանն է տորպեդահարում այդ առաջարկությունը, արդեն ինքնին խոսուն է»: