Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Բաքվում այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղկալ Բրիջիթ Բրինքը:
Նրա ասելով, ԱՄՆ, համագործակցելով հակամարտող կողմերից յուրաքանչյուրի հետ, հավատարիմ է մնում հակամարտության համակողմանի և խաղաղ կարգավորման սկզբունքին: Բրինքն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հրաժարականին: «Մենք բարձր ենք գնահատում Ուորլիքի ծառայությունները: Նա 3 տարի զբաղեցրել է այդ պաշտոնը: Մենք սերտորեն համագործակցել ենք նրա հետ ապրիլյան պատերազմի ժամանակ: Նոր համանախագահի անունն առայժմ հայտնի չէ», - հայտարարել է Բրինքը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է դեկտեմբերի 31-ին կազմակերպությունում իր առաքելությունն ավարտելու մասին: Նա նաև հաղորդել է, որ մտադիր է դառնալ գործընկեր ռուսական «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» փաստաբանական բյուրոյում: