Արմինֆո. Երևանում մեկնարկել է «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը:
Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը նշել է, որ ծրագրի ֆինանսավորման առյուծի բաժինը կտրամադրի Մեծ Բրիտանիայի կառավարությունը. «Կարևոր է, որ քաղաքացիները, ծառայության անցնելով երկրի զինված ուժերում, մարդու հիմնարար բոլոր իրավունքներից օգտվելու հնարավորություն ունենան: Ծրագիրը կներառի ոչ միայն զինված ուժերում ծառայողներին, այլ նաև երկրի այլ ուժային կառույցներում աշխատողներին: Կարևոր է նաև նշված գործընթացին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը: Համոզված եմ, որ ծրագիրը հաջողությամբ կիրականացվի Հայաստանում»:
Հայաստանի պաշտպանութան նախարար Վիգեն Սարգսյանն իր հերթին նշել է, որ մարդու իրավունքների իրացման ապահովումը նման փակ կառույցում, ինչպիսին բանակն է, շատ կարևոր է: Կարևոր է, որ քաղաքացիները, իրենց որդիներին բանակ ուղարկելով, վստահ լինեն, որ նրանք կշարունակեն օգտվել մարդու հիմնարար բոլոր իրավունքներից, որ նրանց իրավունքները ոչ միայն չեն ոտնահարվի, այլև կիրացվեն ողջ ծավալով»,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Այս առումով նա ավելացրչել է, որ ներկայացնելով պաշտպանական գերատեսչության «Ազգ-բանակ» հայեցակարգը՝ բազմիցս ընդգծել է, որ հիշյալ ծրագիրը չի ենթադրում հասարակության ռազմականացում, ընդհակառակը՝ տանում է դեպի ժողովրդավարական արժեքների ներդրում և ամրապնդում:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է աջակցել այդ ծրագրի իրականացմանը, քանի որ Միացյալ Թագավորության գերակա նպատակներից է Հայաստանի՝ որպես կայուն և զարգացած պետություն կայացմանն աջակցելը: Նա նշել է, որ բազմիցս մտահոգություններ է լսել զինծառայողների բարեկամներից ու հարազատներից, թե արդյոք կապահովվեն նրանց իրավունքները բանակում: «Սակայն, շփվելով պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հասկացել եմ, որ այդ հարցը գտնվում է նրանց ուշադրության կենտրոնում: Համոզված եմ, որ Եվրախորհրդի հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը շոշափելի արդյունք կտա»,- ասել է բրիտանացի դիվանագետը:
Եվրախորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան իր հերթին նշել է, որ ծրագիրը բավական երկար է մշակվել: «ՀՀ ՊՆ խնդրանքով այն ներառվել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ԵԽ միջև 2015-2018 թթ. համագործակցության ծրագրում: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Միացյալ Թագավորության կառավարության աջակցության շնորհիվ»,- ասել է Վուտովան:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ մարդու իրավունքները բացարձակ արժեք են, և դրանց իրացումը կարևոր նշանակություն ունի: «Զինված ուժերում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի բարելավումը գերակայություն է մեզ համար: Մենք ողջունում, կարևորում և աջակցելու պատրաստակմություն ենք հայտնում այդ ուղղությամբ իրականացվող բոլոր ծրագրերին»,- ասել է նա:
«Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի նպատակը Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանն աջակցելն է: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ՊՆ կողմից՝ Մեծ Բրիտանիայի կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի և Եվրախորհրդի ֆինանսական աջակցությամբ: