Արմինֆո. Մեզ համար լավագույն ժամանակներն այն ժամանակներն են, երբ հակասություն և հակադրություն չկա Արևելքի և Արևմուտքի միջև: Ավելի պարզ ասած՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև, Ռուսաստանի և Եվրոպայի, Եվրամիության միջև, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, որովհետև մենք համարում ենք, որ շահ փնտրել հակասությունների վրա, շատ վտանգավոր է, «Sky News Arabia»-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք մեր շահը տեսնում ենք համագործակցության մեջ և մշտապես ցանկանում ենք, որ այս իրավիճակը տիրապետող լինի, բայց, այնուհանդերձ, կյանքն այնպիսին է, քաղաքականությունն այնպիսին է, որ մերթ ընդ մերթ սրացումներ են լինում, և այս պարագայում, բնական է, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, ինչպես ասացի մենք՝ դաշնակիցներ ենք, բայց այս հանգամանքը չի խոչընդոտում կամ չի խանգարում, որպեսզի մենք ունենանք հարաբերություններ, նորմալ հարաբերություններ Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ: Օրինակ՝ այս օրերին մենք շարունակում ենք բանակցությունները Եվրամիության հետ՝ մեր հարաբերությունների հիմք հանդիսացող նոր իրավական փաստաթուղթ ձևավորելու շուրջ: Եվ վստահ եմ, որ տեսանելի ապագայում այդ փաստաթուղթը պատրաստ կլինի և մենք կստորագրենք այդ փաստաթուղթը»,- ասել է Սարգսյանը: