Արմինֆո. Հայաստանը միակ պետությունն է, որն ակտիվորեն փոխգործակցում է թե ՆԱՏՕ-ի, թե ՀԱՊԿ-ի հետ: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ջեյմի Շին` Հայաստանում «ՆԱՏՕ շաբաթի» շրջանակում ԵՊՀ այցելության ժամանակ:
Նրա ասելով, Հյուսիսատլանտյան դաշինքը բոլոր գործընկերների հետ փոխգործակցմության մեկ բանաձև չի տրամադրում, և նրանցից յուրաքանչյուրն ազատ է ընտրելու ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ձևաչափ: «Մենք երբեք մեր գործընկերների հետ փոխգործակցության մասին կտրուկ հարց չենք դրել «կամ, կամ»: Կարևոր է հաստատել բազմակողմանի համագործակցություն: Հայաստանը ցուցադրում է թե ՆԱՏՕ-ի, թե Ռուսաստանի հետ հաջող համագործակցության ակնառու օրինակ», - նշել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալը: Ընդ որում, նա հավելել է, որ «ՆԱՏՕ շաբաթի» անցկացումը թույլ է տվել բացահայտել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության մի շարք նոր ուղղություններ:
Միևնույն ժամանակ, խոսելով, ընդհանուր առմամբ, դաշինքի գերակայությունների և նպատակների մասին, Շին ընդգծել է, որ այսօր կառույցի ուշադրության կենտրոնում է երկու ուղղություն. հավաքական անվտանգություն և ճգնաժամային կառավարում: «Մեզ համար շոկ էր, երբ 2014 թվականին Ռուսաստանը միակողմանի կարգով բռնակցեց Ղրիմը, քանզի մենք ենթադրում էինք, որ վարքագծի նման եղանակը մնացել է վաղ անցյալում, 19-րդ դարում: 20 տարի շարունակ մենք ձգտում էինք զարգացնել գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի հետ, որն այդ շրջանում բաց էր փոխգործակցության համար` ինչպես երբեք իր պատմության ընթացքում: Եվ Ռուսաստանի նման վարքագիծը մեզ, առնվազն, տարօրինակ թվաց», - փաստել է Շին:
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ սահմանին տեղակայված է 450 հազար ռուսական զորք, բացի այդ, Ռուսաստանը հանդես է գալիս կոշտ հռետորաբանությամբ, որը հաճախ սպառնում է կառույցի դաշնակիցների անվտանգությանը: «Մենք ձգտել ենք հնարավորինս համարժեք պատասխանել Ռուսաստանի այդ հռետորաբանությանը, և որոշում է կայացվել մեծացնել մեր ներկայությունն Արևելյան եվրոպայում, մասնավորապես, Լեհաստանում, որտեղ կտեղակայվի ՆԱՏՕ զորքերի չորս գումարտակ: Մեն դատապարտում ենք Ռուսաստանի նման վարքագիծը, սակայն, ուզում եմ ասել, որ դա սառը պատերազմի վերսկսում չէ, սրանք, ընդամենը, անվտանգության միջոցներ են: Մենք իրավիճակի սրման ուղիներ չենք փնտրում, այլ փորձում ենք նվազագույն ուժերով ապահովել մեր անվտանգությունը», - նշել է Շին:
Նա նաև դժգոհել է, որ ռուսական կողմն իր զորավարժությունների անցկացման ծրագիր չի ներկայացնում` ինչպես վարվում է Դաշինքը: Սակայն, նա համոզված է, որ նման գործողություններից տուժում է, առաջին հերթին ինքը` Ռուսաստանը: Նա նաև ընդգծել է գործընկերային փոխգործակցության կարևորությունը միջազգային ճգնաժամերի հաղթահարման հարցում: