Արմինֆո. Ուկրաինան հիվանդագին է ընդունել Ղրիմի վերաբերյալ բանաձևի շուրջ Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ում: Այդ մասին հայտարարել է Գերագույն ռադայի առաջին փոխխոսնակ, Դոնբասի գծով հումանիտար ենթախմբում Կիևի ներկայացուցիչ Իրինա Գերաշչենկոն:
Նրա ասելով, Ուկրաինան հատկապես հիվանդագինէ ընդունել երեք քվեարկություն` Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի: «Մենք հարգում ենք ՌԴ հետ հատուկ փոխհարաբերությունների Հայաստանի և Ղազախստանի իրավունքը, իսկ ինչ վերաբերում է Բելառուսի դիրքորոշմնաը, ապա մենք դա գնահատում ենք որպես դանակի հարված` մեր թիկունքին», - ասել է Գերաշչենկոն:
Նա նաև ընդգծել, է որ Հայաստանն ու Ղազախստանը պետք է գիտակցեն, որ այսօր Ուկրաինան, նրա ժողովուրդն ու բանակը «պայքարում են ոչ միայն հանուն սեփական անկախության, այլև` հանուն բոլոր հետխորհրդային երկրների անկախության: «Մենք պաշտպանում ենք հետխորհրդային երկրների անկախ արտաքին քաղաքականության իրավունքը», - ասել է Գերաշչենկոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը «դեմ» էր քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 3-րդ կոմիտեում «Մարդու իրավունքների վիճակը Ղրիմի ինքնավար հանրապետությունում եւ Սեւաստոպոլ քաղաքում» A/C.3/71/L26 բանաձեւի նախագծին: Փաստաթուղթը, որում կոչ է արվում անցկացնել թերակղզում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի միջազգային դիտարկում, ավելի ուշ ընդունվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում: Փաստաղթում Ռուսաստանը որակվում է օկուպանտ երկիր, որը «բռնակցել է» Ղրիմը: Քվեարկությանը մասնակցել են ՄԱԿ անդամ բոլոր երկրները: Բանաձևի նախագծի օգտին քվեարկել է 73 պետություն, դեմ` 23-ը, ևս 76 երկիր ձեռնպահ է մնացել: Նախագծի օգտին քվերակել են եվրոպական երկիրների մեծ մասը և ԱՄՆ, դեմ` Ռուսաստանը, Չինաստանը, Սերբիան, Հայաստանը, Կուբան, Հնդկաստանը, Ղազախստանը և այլն:
Իր այդ քայլը պաշտոնական Երևանը բացատրել է հետևյալ կրեպ. «Հայաստանը մշտապես եղել է ժողովրդավարության, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների՝ ներառյալ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի խթանման ջատագովը։ Մեր կարծիքով, մարդու հիմնարար ազատությունների հետ կապված իրավիճակները պետք է քննարկվեն եւ դիտարկվեն այն սկզբունքներով եւ նորմերով, որոնք մարդու միջազգային իրավունքի մաս են կազմում: Վերոնշյալ բանաձեւը, ներկայացված լինելով մարդու իրավունքների համատեքստում, պարունակում է հղումներ տարածքային ամբողջականության սկզբունքին, որոնք կիրառվել են ընտրովի՝ միջազգային իրավունքի այլ սկզբունքների՝ ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաշվին, եւ դուրս են բանաձեւի հռչակված նպատակի շրջանակից: Առաջնորդվելով իր հետեւողական դիրքորոշմամբ՝ Հայաստանը չի կարող աջակցել այնպիսի մոտեցում, որը դասակարգում է սահմանում միջազգային իրավունքի սկզբունքների միջեւ»։