Արմինֆո. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 3-րդ կոմիտեում A/C.3/71/L26 բանաձևի նախագծի առնչությամբ ՀՀ դիրքորոշման բացատրությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանը մշտապես եղել է ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների՝ ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի խթանման ջատագովը։ Մեր կարծիքով, մարդու հիմնարար ազատությունների հետ կապված իրավիճակները պետք է քննարկվեն և դիտարկվեն այն սկզբունքներով և նորմերով, որոնք մարդու միջազգային իրավունքի մաս են կազմում:
Վերոնշյալ բանաձևը, ներկայացված լինելով մարդու իրավունքների համատեքստում, պարունակում է հղումներ տարածքային ամբողջականության սկզբունքին, որոնք կիրառվել են ընտրովի՝ միջազգային իրավունքի այլ սկզբունքների՝ ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաշվին, և դուրս են բանաձևի հռչակված նպատակի շրջանակից: Առաջնորդվելով իր հետևողական դիրքորոշմամբ՝ Հայաստանը չի կարող աջակցել այնպիսի մոտեցում, որը դասակարգում է սահմանում միջազգային իրավունքի սկզբունքների միջև»։
Հայտարարության մեջ նաև ընդգծված է, որ «սույն բանաձևի նախագիծը պարունակում է հղում 2014 թ. մարտի 27-ի 68/262 բանաձևին, որին Հայաստանը դեմ է քվեարկել՝ հաշվի առնելով վերը նշված նկատառումները։ Հիշյալ բանաձևի ընդունման օրը Հայաստանի պատվիրակության կողմից շրջանառվել էր իր քվեարկության բացատրությունը: Մեր մոտեցումներն այդ ժամանակվանից ի վեր չեն փոխվել»: «Ելնելով վերոհիշյալից՝ Հայաստանը «դեմե է քվեարկել A/C.3/71/L․26 բանաձևի նախագծին»։
Նշենք, որ նոյեմբերի15-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հավանության է արժանացել Ուկրաինայի առաջարկած՝ «Մարդու իրավունքների վիճակը Ղրիմի ինքնավար հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում» բանաձևի նախագիծը: Փաստաթղթում Ռուսաստանն անվանվում է օկուպանտ պետություն, հայտարարվում է Ղրիմի բռնակցման մասին, դատապարտվում է մարդու իրավունքների ոտնահարումը, խտրական միջոցները Ղրիմի բնակիչների նկատմամբ՝ ներառյալ Ղրիմի թաթարները, ինչպես նաև էթնիկ ու կրոնական այլ խմբերի պատկանող անձինք: Փաստաթղթում նաև կոչ է արվում ՌԴ-ին՝ ապահովել մարդու իրավունքների դիտորդական առաքելությունների և ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունների անարգել մուտքը Ղրիմ: Փաստաթղթի օգտին հանդես է եկել 73 պետություն, դեմ քվեարկել է 23-ը, իսկ 76-ը ձեռնպահ է մնացել: Բանաձևի նախագծի դեմ են քվեարկել Անգոլան, Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Բուրունդին, Կամբոջան, Չինաստանը, Կուբան, Կոմորյան կղզիները, ՉԺԴՀ-ն, Ղազախստանը, Հնդկաստանը, Իրանը, ՌԴ-ն, Նիկարագուան, Սերբիան, ՀԱՀ-ն, Սուդանը, Սիրիան, Ուզբեկստանը, Վենեսուելան, Զիմբաբվեն:
Հիշեցնենք, որ 2014 թ. մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Հայաստանը 11 երկրների թվում դեմ է քվեարկել Ուկրաինայի հարցով բանաձևի ընդունմանը, որը ճանաչում էր այդ երկրի տարածքային ամբողջականությունը և անօրինական համարում 2014 թ. մարտ 16-ին անցկացված հանրաքվեն: