Արմինֆո. «Ռոստելեկոմը» Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հետ մեկնարկում է «Արվեստը բոլորի համար» համատեղ նախագիծը, որի շրջանակներում կրթական ծրագրեր կիրականացվեն խնամքի կենտրոնների, մանկատների, հաշմանդամություն, զարգացման խնդիրներ ունեցող երեխաների, այլ խմբերի համար։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, մասնագետներն, առաջնորդվելով թանգարանների ոչ ֆորմալ կրթական գործունեության միջազգային փորձով, նախադպրոցականներին և դպրոցականներին առաջարկում են ծանոթանալ թանգարանի մշտական ցուցադրությանը ոչ միայն դասական էքսկուրսիաների, այլև ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաների և արվեստին նվիրված դաս-էքսկուրսիաների միջոցով: Դրանք միտված են զարգացնելու երեխաների ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը, տեսողական հիշողությունը, ինչպես նաև հարստացնելու կերպարվեստի վերաբերյալ գիտելիքներն ու բառապաշարը, գեղեցիկի նրանց ընկալումը, գեղագիտական զգացողությունը:
Ծրագրերի և աշխատանքների առավել արդյունավետ իրականացման համար «Ռոստելեկոմի» կողմից թանգարանին են տրամադրվել նաև անհրաժեշտ սարքավորումները՝ պրոյեկտոր, էկրան, այլ։
«Համոզված եմ՝ արվեստի ընկալումն ու շփումը երեխաները պետք է սկսեն դեռ մանկուց, և մեր պարտքն է աջակցել, որպեսզի բոլոր երեխաներին հասանելի դառնան նման ծրագրերը»,-նշեց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Աղբյուրի համաձայն, նոյեմբերի 16-ին թանգարան այցելեց Վանաձորի մանկատան երեխաների առաջին խումբը։ Նրանց համար անցկացվեցին երկու ծրագրեր՝ «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ» և «Իմ տունն իմ ամրոցն է»։
Թանգարանի աշխատակազմի կողմից մշակված կրթական ծրագրերը հինգն են՝ «Իմ տունն իմ ամրոցն է», «Տարվա եղանակները», Կենդանաբանական այգի», «Կռահիր նկարը», «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ» և անցկացվելով 2015թ. մարտից՝ բավական մեծ հետաքրքրություն են վայելում՝ թանգարանում հյուրընկալելով ամսական շուրջ 350 դպրոցահասակ և նախադպրոցական հաստատությունների երեխաների։ Հավելենք, որ «Ռոստելեկոմի» անվճար WiFi հասանելիությամբ թանգարանն ապահովվել էր դեռ ամռանը և հետագայում նախատեսվում է ընդլայնել համագործակցությունն ու համատեղ իրականացվող նախագծերի շրջանակը։
Նշենք, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ. սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։
«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: