Արմինֆո. Հայաստանը և Մոլդովան քաղաքացիների միջև մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման մասին համաձայնագիր են ստորագրել, այսօր Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշել է, որ ստորագրվել է ևս երեք փաստաթուղթ՝ զբոսաշրջության, ինչպես նաև գիտության և կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը, երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների 2017-2018 թթ. ծրագիրը:
Կողմերը հագեցած քննարկումներ են ունեցել երկկողմ և բազմակողմ օրակարգի տարբեր հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկու պետությունների միջև համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնակվելիք քայլերի շուրջ, քննարկվել են առևտրատնտեսական փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղիները, կարևորվել է գիտակրթական և մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացումը:
Էդվարդ Նալբանդյանը և Անդրեյ Գալբուրն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իր հերթին պարոն Գալբուրը ներկայացրել է Մոլդովայի եվրոպական ինտեգրման գործընթացի վերջին զարգացումները:
Հանդիպման օրակարգում էր նաև տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցը: Զրուցակիցները համակարծիք էին, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը: