Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է մամուլում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ նախարար Վիգեն Սարգսյանն առանձնատուն է կառուցում «միլիոնատերերի փողոցում»:
Մասնավորապես, ՊՆ մամուլի քարտուղար Արծուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում այդ առնչությամբ գրել է. «Ժամանակ» օրաթերթի նոյեմբերի 16-ի համարում «Դղյակի սիրահարը» վերնագրով հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կամ նրա հետ փոխկապակցված որևէ անձ առնչություն չունեն նշված տարածքում ընթացող շինարարության հետ: Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` հերքման պահանջն ուղարկվել է տեղեկատվությունը հրապարակած լրատվամիջոցին»:
Մամուլում հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ Վիգեն Սարգսյանը մոտ 1,5 տարի առաջ սկսել էր առանձնատուն կառուցել Ազատության պողոտայում, սակայն ապրիլյան պատերազմից հետո պաշտոնյաների հասցեին հնչած քննադատությունից հետո ստիպված էր եղել դադարեցնել շինարարությունը: