Արմինֆո. Երևանում զինված հանցախմբի վնասազերծման գործի նյութերում հայտնվել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը:
Ինչպես հաղորդում է «Ժողովուրդ» թերթը, վկայակոչելով սեփական աղբյուրները, գործով անցնողներից մեկը`հայր Անտոնը, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ առերեսման ժամանակ ասել է, թե այդ ամենի հետեւում կանգնած է Սեյրան Օհանյանը: Շիրխանյանը բղավել է, որ նա ստում է: Հոգևորականն, այնուամենայնիվ, պնդել է, թե հանցախմբի գործունեության շրջանակում ինքը պետք է հանդիպեր հենց Օհանյանի հետ: Շիրխանյանը կրկին բղավել է, թե այդ ցուցմունըք սուտ է:
Ըստ թերթի, Օհանյանն ու Շիրխանյանը մտադիր էին նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին սկսել «Սպաների համահայկական միության» հիմնադիր համագումարը, որի նախագահը պետք է լիներ Օհանյանը: Միությունը պլանավորում էր ունենալ 10 հազար անդամ` աշխարհի տարբեր երկրներից: Սակայն չստացվեց:
Ինչպես հաղորդվել է, նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորքում վնասազերծված հանցախումբը մի շարք ծանր հանցագործություններ էր ծրագրել Հայաստանի տարածքում: Խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը և 20-ից ավելի անդամներ կալանավորվել են: