Արմինֆո. Բաքուն շարունակում է տորպեդահարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնությունների իրականացումը՝ զորավարժություններ նախաձեռնելով: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, սահմանված կարգի համաձայն, առավել ևս՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններից հետո ադրբեջանական կողմը պետք է 40 օր առաջ տեղեկացներ նման զորավարժություններ անցկացնելու մասին, ինչը վերջինս չի արել: «Դա վկայում է այն մասին, որ Բաքուն, ըստ էության, շարունակում է տորպեդահարել ձեռքբերված համաձայնությունների կյանքի կոչումը»,- ընդգծել է Քոչարյանը:
Փոխնախարարի խոսքով, Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի հակառակորդի ցանկացած քայլի: Դա արդեն բոլորիս համար աքսիոմ է, առավել ևս ապրիլյան դեպքերից հետո: Ներկայիս զորավարժությունները, ինչպես հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը, Բաքվի համար մկանների ցուցադրություն է: Մյուս կողմից՝ դրանք ներքին սպառման համար են և կոչված են երկրի ներսում որոշակի խնդիրներ լուծելու, նշել է Քոչարյանը:
Նոյեմբերի 11-ից 18-ն անց են կացվելու ադրբեջանական բանակի պատմության մեջ թերևս ամենախոշոր զորավարժությունները, որոնցում կներգրավվեն ավելի քան 60.000 զինծառայողներ, 700 հրթիռահրետանային կայանքներ, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, ինչպես նաև շուրջ հինգ տասնյակ մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ: