Արմինֆո. Անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը 80% կմնա անփոփոխ: Այս մասին նոյեմբերի 9-ին Երևանում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների հնարավոր փոփոխություններին`ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո:
«Ամերիկյան արժեքները, ազգային շահերը և մեր բարեկամներն աշխարհում չեն փոխվում նախագահի ընտրությունից հետո: Իսկ 20% փոփոխությունները մեր արտաքին քաղաքականությունում պայմանավորված են այդ պահին ընտրված նախագահի նախապատվություններից, այսինքն, այս կամ այն հարցերը կարող են կարևորվել կախված նախագահի անձից: Օրինակ, նախագահ Քլինթոնի կառավարման ընթացքում կանանց իրավունքների հարցը գտնվում էր առաջնահերթությունների շարքում, բայց Բուշի կառավարման ժամանակ մեծ ուշադրություն հատկացվեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարին: Հատկապես այդ ժամանակաշրջանում մշակվեց և իրականացվեց այդ հիվանդությամբ տառապողների օգնության մեծ ծրագիրը»,-նշել է դինավագետը:
Նա նաև ընդգծել է, որ անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ ընտրություններում`Դոնալդ Թրամփը, թե Հիլարի Քլինթոնը, կատարվելիք փոփոխությունները տեսնելու համար հարկավոր է սպասել, և միայն հունվարի 20-ից հետո պարզ կդառնա, թե ինչպիսին կլինեն փոփոխությունները:
«ԱՄՆ շարունակում է կատարել բարեկամների առջև իր պարտավորությունները, և, անկասկած, մենք կշարունակենք մեր պարտավորությունները բարեկամական Հայաստանի հանդեպ: ԱՄՆ առաջնահերթությունների շարքում կլինի Հայաստանին օժանդակելը, որակապես անկախ, բարգավաճ պետություն դառնալու համար, որը կարող է խաղաղ գոյակցել իր հարևանների հետ: Մենք Հայաստանի համար կմնանք կայուն և հուսալի գործընկեր և կշարունակենք բարգավաճ Հայաստանի կառուցմանն ուղղված համատեղ աշխատանքները, ինչին արժանի է հայ ժողովուրդը»,-եզրափակել է Միլզը:
Նշենք, որ այս օրերին ԱՄՆ-ում ընթանում են Միացյալ Նահանգների 45-նախագահի ընտրությունները: Ըստ նախնական հաշվարկների, ընտրություններում հաղթել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, ով հավաքել է 276 քվե: Նրան կողմ է քվեարկել 57 040 030 ընտրող: Քլինթոնը հավաքել է 218 քվե, ստանալով 56 029 966 ընտրողների աջակցությունը: Հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել 270 քվե: