Արմինֆո. «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ Վարդան Ավետիսյանի հայտարարությունը, որում կոչ է արվում աշխարհազորային ջոկատների հրամանատարներին մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը՝ թշնամու հնարավոր հարձակմանը դիմակայելու համար, չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հաշվի առնելով այն փաստը, որ Վարդան Ավետիսյանը ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն է, այս հայտարարությունը որոշակի հարցեր է առաջացրել հանրության շրջանում։ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ անհանգստանալու որևէ առիթ չկա։ «Դա բացառապես Վարդան Ավետիսյանի և իր ղեկավարած ՀԿ֊ի՝ «Պահեստազորի սպաների համահայկական միությանե կարծիքն է։ Հայտարարությունը չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը, հավանաբար այն ուղղված է միայն ազատամարտիկների զգոնության բարձրացմանը»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՀՀ ռազմական գերատեսչությունն ուշադիր հետևում է հակառակորդի գործողություններին և մշտապես, ըստ անհրաժեշտության, արձագանքում է բոլոր տիպի մարտահրավերներին:
Ավելի վաղ Վարդան Ավետիսյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում է. «Նոյեմբերի 11-ից 18-ն անց են կացվելու ադրբեջանական բանակի պատմության մեջ թերևս ամենախոշոր զորավարժությունները, որոնցում կներգրավվեն ավելի քան 60.000 զինծառայողներ, 700 հրթիռահրետանային կայանքներ, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, ինչպես նաև շուրջ հինգ տասնյակ մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Ուստի, ողջ հայ ժողովրդին, քաղաքական ու հասարակական հոսանքներին կոչ ենք անում վտանգաշատ այս օրերին մի կողմ թողնել այսրոպեական խնդիրները, համախմբվել Հայկական բանակի շուրջ, ուշադրությունը բևեռել առաջնագծի վրա և առավել քան զգոն ու միասնական լինել: Իսկ ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազորային ջոկատների հրամանատարներին վճռաբար խնդրում ենք հստակ հաշվարկել ու մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը և համագործակցելով բանակի հրամանատարության հետ` այս օրերին ու հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման»: