Արմինֆո. ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մտավախություն է հայտնել, որ իշխանությունը թույլ չի տալ ընտրատեղամասերից օնլայն հեռարձակում իրականացնել 2017 թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Այդ մասին նա հայտարարել է այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով, որոշ շրջանակներում արդեն լուրեր են պտտվում այն մասին, որ ընտրությունների ժամանակ տեխնիկական պատճառներով հնարավոր չի լինի անխափան հեռարձակում ապահովել: ՙԵթե ընտրություններից առաջ իշխանությունները հայտարարեն այդ մասին, դա կնշանակի, որ իրենք դիտավորյալ խոչընդոտում են այդ գործընթացին, որպեսզի կեղծեն ձայների հաշվման գործընթացը, քանի որ հենց օնլայն հեռարձակումն է երաշխավորում դրա արդարացի անցկացումը՚,- ընդգծել է նա:
ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր հերթին հայտարարել է, որ նոր Ընտրական օրենսգիրքը չի նպաստում արդար ընտրությունների անցկացմանը: Մասնավորապես, նա նշել է, որ ռեյտինգային քվեարկությունը թույլ է տալիս օլիգարխներին նոր խորհրդարան անցնել: ՙՆոր ԸՕ-ն կհանդիսանա հերթական մեխանիզմը, որը թույլ կտա կառավարող ռեժիմին պահպանել իշխանությունը՚,- նշել է նա:
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին իշխանության և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները 444 ձևաչափով նոր փաստաթուղթ են ստորագրել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման լրացուցիչ մեխանիզմների ստեղծման շուրջ: Հոկտեմբերի 20-ին ՀՀ խորհրդարանը 102 ՙկողմ՚, 4 ՙդեմ՚ և 4 ՙձեռնպահ՚ ձայնով հավանություն է տվել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագծին:
Նոր փաստաթուղթը նախատեսում է քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում, ինչը արվում է՝ քվերակությանը քաղաքացիների մասնակցության գործընթացի նկատմամբ վերահսկողություն սահմանելու և կրկնակի քվարկությունը կամ կեղծ փաստաթղթերով քվեարկությունը թույլ չտալու նպատակով: Երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրմանը: Ըստ որում հեռարձակումը պետք է իրականացվի օնլայն ռեժիմով, իսկ նյութերը ենթակա են արխիվացման: