Արմինֆո. Պատգամավորները հարգել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը: Նրանք ծաղիկներ են դրել ահաբեկչության զոհերի հուշարձանին:
17 տարի առաջ այս օրը Ազգային ժողովի հերթական նիստին, երբ կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին, նիստերի դահլիճ ներխուժած ահաբեկիչների խումբը գնդակահարեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։
Ահաբեկչական խմբի կազմում էին նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը: 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին, Կարեն Հունանյանին, Էդիկ Գրիգորյանին, Վռամ Գալստյանին (2004 թվականին մահացել կալանավայրում, ըստ պաշտոնական վարկածի` ինքնասպան է եղել), Դերենիկ Բեջանյանին և Աշոտ Կնյազյանին: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: (2010 թվի մայիսին նրա դիակը հայտնաբերվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իր անկողնում): Նրանք բոլորը մեղավոր են ճանաչվել հայրենիքին դավաճանության և ահաբեկչության համար: