Արմինֆո. Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպականը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ և տարածաշրջանային համագործակցության տնօրեն Լուկ Դեվինյը: Մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը, ինչպես նաև ՀՀ ԱԳ և շահագրգիռ այլ գերատեսչությունների և ԵՄ պաշտոնյաներ։ Քննարկվեցին համաձայնագրի նախագծի տարբեր բաժիններին առնչվող հարցեր։
Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով լիագումար նիստ, որի ընթացքում կողմերն ամփոփել են քննարկվող բաժինների շուրջ բանակցությունների արդյունքները և նախանշել հաջորդ փուլի քննարկումների շրջանակը։
Բանակցող թիմերը նախատեսում են հաջորդ հանդիպումն անցկացնել Բրյուսելում՝ ընթացիկ տարվա դեկտեմբերին։
2015թ. հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին սկսել բանակցությունները Հայաստանի հետ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ, ինչպես նաև տրամադրեց համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2015 թ. դեկտեմբերի 7-ին։