Արմինֆո. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը մինչև տարեվերջ չի կայանա: Այդ մասին նա հայտարարել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ ներկայումս հակամարտող կողմերը քննարկում են ոչ թե խնդրի բուն էությունը, այլ հրադադարի ռեժիմի պահպանման ու ամրապնդման հարցը, հետևաբար՝ որևէ կառուցողական գործողության կամ տեղաշարժի մասին խոսելն ավելորդ է: ՙՆույնիսկ եթե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները դեկտեմբերին հանդիպեն, նրանց հազիվ թե հաջողվի մինչև տարեվերջ համաձայնեցնել պետությունների ղեկավարների հանդիպումը՚,- ընդգծել է քաղաքական գործիչը: Նրա կարծիքով, նախագահների հաջորդ հանդիպման նախաձեռնողը կլինի ֆրանսիական կողմը, քանի որ պաշտոնական Փարիզը բազմիցս հայտարարել է այն կազմակերպելու պատրաստակամության մասին:
Մանոյանը գտնում է նաև, որ ԼՂՀ-ում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը մեծ չէ: Սակլայն, նրա կարծիքով, Բաքուն կշարունակի շփման գծում սադրանքները: ՙՀայկական կողմն արդեն հայտարարել է, որ չի հանդուրժի սադրանքները և համարժեք պատասխան կտա: Դա արող է հանգեցնել լարվածության աճի, բայց ոչ պատերազմի՚,- ընդգծել է նա:
Նշենք, որԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ կքննարկեն առաջիկայում երկու երկրների նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման քննարկումը կկայանա դեկտեմբերին Համբուրգում` ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում», - նշել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունում:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Մասնավորապես, համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: 2016 թվականի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` ՌԴ նախագահի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին մայիսի ս.թ. 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և հաշտության գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը՚: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հետաքննության մեխանիզմները տվյալ փուլում ակտուալ չեն, և հարցը կարող է քննարկվել ՙԼՂՀ-ից հայկական զորքերի դուրսբերումից հետո միայն՚: Բացի այդ, նա ընդգծել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գարսենյակը կարող է ընդլայնվել մինչև 12-13 մարդ և ոչ ավելի: