Արմինֆո. Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն՚ խմբակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը դատական հայց է ներկայացրել հակահայկական կարգախոսներով հանդես եկող անձանց դեմ:
Փայլյանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկություն է տարածել այն մասին, որ դատարան է դիմել՝ կապված այն բանի հետ, որ հոկտեմբեր 15-ին Տրապիզոնում Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հավաքվածները հանդես են եկել հայերի հասցեին վիրավորանքներով և ատելության կոչերով: Նա նաև նշել է, որ թե Էրդողանը, թե ներկա գտնվող նախարարները ոչ մի կերպ այդ կոչերին չեն արձագանքել: Փայլյանի հայցում Էրդողանը և նախարարները նշված են որպես վկաներ:
Նշենք, որ հոկտեմբեր 15-ին Տրապիզոնում հանրահավաքի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները հայերի հասցեին վիրավորական խոսքեր են հնչեցրել: Իր ելույթի ժամանակ Էրդողանը ծաղրել է կանանց. ՙՀիշեք, թե ձեզ ինչ էի ասում: Մի օր չե՞նք մեռնելու: Բայց տղամարդու պես մեռնել կա, մադամի պես մեռնել էլ կա՚,- ասել է Էրդողանը: Հավաքվածներն սկսել են վանկարկել՝ ՙՀայի վիժվածքները մեզ չեն կարող վհատեցնել՚: