Արմինֆո. Չնայած արտաքին քաղաքական շրջադարձերի բացակայությանը՝ Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի կարևորությունը թերագնահատել չի կարելի, քանի որ այն յուրօրինակ ռենտգենմյան նկար հանդիսացավ՝ տեսանելի դարձնելով Կազմակերպության անդամ երկրների հարաբերություներում կուտակված խնդիրները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որում Բելառուսը ստանձնեց Կազմակերպությունում նախագահությունը: Կազմակերպության ղեկավարների երեք ժամ տևած դռնփակ շփման արդյունքում ստորագրվեց ավելի քան 20 փաստաթուղթ, մասնավորապես` ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման մասին, ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակի մասին, մինչև 2025 թիվը հավաքական անվտանգության ռազմավարության մասին: Սակայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ պայմանավորվածության այդպես էլ չհաջողվեց հասնել, այդ պաշտոնին մնաց Նիկոլայ Բորդյուժան:
ՙԳագաթնաժողովն ընթացել է ոչ հասարակ պայմաններում՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները վերջին ամիսներին հասել են նոր վերջնագծի,և դատելով Լոզանում կայացած բանակցությունների արդյունքներից՝ նույնիսկ աննշան բարելավումներ սպասել չենք կարող: Եվ ՀԱՊԿ երկրների շրջանում այդ դիմակայության առնչությամբ միասնական տեսակետ չկա, քանի որ Արևմուտքի հետ իրենց հարաբերություններն ունեն Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Երևանը, օրինակ, վախենում է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև առճակատման խորացումը կհանգեցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, ինչը հղի է Լեռնային Ղարաբաղի շփման գծում նոր միջադեպերով՚,- նշել է նա:
Մարկեդոնովը գտնում է, որ Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի որոշման հետ կապված խնդրի հետաձգումը իրավիճակից ելք չէ, քանի որ որքան ավելի ուշ այն լուծվի, այնքան ավելի շատ հարցեր այն կհարուցի՝ ամենից առաջ ՀԱՊԿ շարքերում միասնության վերաբերյալ:
Ըստ վերլուծաբանի, երևանյան գագաթնաժողովը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ը շատ հեռու է եվրասիական ՆԱՏՕ դառնալուց, և շատ բան դեռ պակասում է: Մասնավորապես, նա նշել է, որ դաշնակիցները պատրաստ չեն մեկ տեսակետի վերջնական աջակցությանը, ՀԱՊԿ ներսում առկա են շահերի մի քանի ակումբներ: Եվ միայն Մոսկվան է պատրաստ միաժամանակ զբաղվել թե՛ Կենտրոնական Ասիայի խնդիրներով, թե արևմտյան ու անդրկովկասյան ուղղությամբ՝ ստիպված զգուշորեն ղեկավարելով տարբեր նվագախմբեր, միաժամանակ խուսափելով կտրուկ շարժումներից: