Արմինֆո.ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ հայտարարությամբ:
ՙՈղջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից դեռ ամռանը Ազգային ժողովում հաստատված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Այս քայլով Ֆրանսիան կրկին անգամ վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումը անցյալում իրականացված ցեղասպանությունների դատապարտման և ժխտողականության դեմ պայքարի, ինչպես նաև՝ մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրների կանխարգելման գործում՚,- ասված է հայտարարության մեջ:
Այսօր Ֆրանսիայի Սենատը 156 ՙկողմ՚ և 146 ՙդեմ՚ ձայնով ընդունել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Ավելի վաղ՝ հուլիսին, այն ընդունվել էր Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի կողմից: Սակայն, չի բացառվում, որ, ինչպես և անցած անգամ, թուրքական լոբբիի ճնշման ներքո բանաձևը կրկին ուղարկվի Ֆրանսիայի Սահմանադրական դատարան՝ երկրի հիմնական օրենքին վերջինիս համապատասխանությունը որոշելու նպատակով:
Նշենք, որ 2011 թվականին համանման օրինագիծ էր ընդունվել Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի և 2012 թ. հունվարին Սենատի կողմից: Ի պատասխան՝ Թուրքիան սառեցրել էր Ֆրանսիայի հետ դիվանագիտական և տնտեսական կապերը: Սակայն, նախագահ Սարկոզին չստորագրեց օրենքը՝ ժամանակ տալով Սահմանադրական դատարանում դրա վիճարկման համար: 2012 թ. փետրվարի 29-ին օրենքը հայտարարվեց ֆրանսիական սահմանադրությանը հակասող:
Հայոց ցեղասպանության ժխտումն արդեն քրեականացրել են Շվեյցարիան, Սլովակիան, Կիպրոսը և Հունաստանը: