Արմինֆո. Ռուսաստանի և Հայաստանի ավիացիոն իշխանությունները հավատարիմ են օդային հաղորդակցության ազատականացման քաղաքականությանը: Այդ մասին հոկտեմբերի 14-ին Երևանում ռուս-հայկական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովի և Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
Նրա խոսքով, ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի միջև փաստացի արդեն կա ՙբաց երկնքի՚ ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածություն:
ՌԴ նախարարը նաև մատնանշել է երկաթուղային տրանսպորտի ոլորտում զարգացող համագործակցությունը: ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ընկերությունն առավելագույն ջանք է գործադրում Հայաստանի երկաթուղային համակարգի մրցունակության բարձրացման համար, անհրաժեշտ պայմաններ ստեղծում եվրասիական տրանսպորտային առանցքին Հայաստանի ինտեգրման համար: ՙՀամոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը թույլ կտան ընթանալ տնտեսական ինտեգրման ճանապարհով՝ հանուն մեր երկրների ու ժողովուրդների բարօրության՚,- ասել է ՌԴ տրանսպորտի նախարարտ:
Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարարը Ղազախստանի գործընկերներին է ուղարկել ԵվրԱզԷս երկրներում ՙբաց երկնքի՚ հայեցակարգի իրականացման նախագիծը: Գերատեսչության ղեկավար Մաքսիմ Սոկոլովի խոսքով, դա թույլ կտա ազատականացնել օդային տարածությունը, ստեղծել ընդհանուր աէրոնավիգացիա, ինչպես նաև ավիաընկերությունների նկատմամբ պահանջներ և հավասար սակագներ:
Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցել է «Armenia EXPO 2016» հայկական արտադրության և ծառայությունների ցուցահանդեսին, որն այս տարի անցել էր հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում:«ՀԿԵ՚ ՓԲԸ-ն այցելուներին և պոտենցիալ գործընկերներին է ներկայացել Հայաստանի երկաթուղու տարանցիկ ներուժը Իրանից եվրապական երկրներ և հակառակ ուղղությամբ փոխադրումներ իրականացնելու համար: Այս միջանցքի օգտագործումը թույլ կտա փոխադրումներ իրականացնել մինչև Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը, գործնական կապեր ստեղծել բեռնափոխադրողների միջև: Հարավկովկասյան երկաթուղին արդեն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, օրինակ՝ Վրաստանի երկաթուղու հետ տարվող քննարկումների արդյունքում որոշվել էր նվազեցնել սակագինն այս երթուղում: