Արմինֆո.Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում կայացած ներդրումային համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել «Լիդիան Ինթերնեյշնլ՚ ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, նախագահ Սերժ Սարգսյանի և «Լիդիան Ինթերնեյշնլե ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանում օգտակար հանածոների հանքավայրերի հայտնաբերման և զարգացման առաջատար ընկերություն «Լիդիան Արմենիանե-ի ընթացիկ գործունեությանը, մասնավորապես` Ամուլսարի հանքավայրի շահագործման ուղղությամբ ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին և զարգացման ծրագրերին: «Լիդիան Արմենիանե-ի հարյուր տոկոս բաժնետեր «Լիդիան Ինթերնեյշնլե-ի նախագահը Սերժ Սարգսյանին վստահեցրել է, որ բնապահպանական բոլոր պահանջներին և միջազգային չափանիշներին համապատասխան իրականացվող հանքարդյունաբերական խոշոր ներդրումային ծրագիրը կնպաստի նաև համայնքների և, ընդհանուր առմամբ, ՀՀ տնտեսական զարգացմանն ու դրական ազդեցություն կունենա ՀՆԱ-ի վրա: Հովարդ Սթիվենսոնն ընդգծել է, որ իր գլխավորած ընկերությունը նման աշխատանքով փորձում է ցույց տալ, որ հնարավոր է ժամանակակից տեխնոլոգիաներով բոլոր կողմերի` պետության, մասնավոր հատվածի ու համայնքների համար շահավետ հանքարդյունաբերություն զարգացնել, և որ Հայաստանը արտաքին ներդրումների համար բաց երկիր է:
Նշենք, որ բրիտանական Lydian International Ltd ընկերությունն այսօր Հայաստանում իրականացնում է արդյունաբերական ամենախոշոր՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը՝ 370 մլն դոլար ընդհանուր արժեքով: Ընթացիկ տարվա օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Մեկ ունցիայի ծախսը միջին հաշվով կազմում են 585 դոլար, իսկ ոսկու կորզման ընդհանուր ցուցանիշը – 87%: Ամուլսարի 370 մլն.դոլար արժեքով ծրագրի շրջանակներում կատարվող շինարարության ընթացքում կստեղծվի 1300 աշխատատեղ (շինարարական աշխատանքները կընթանան մոտ 2 տարի), իսկ հանքավայրի շահագործման ամբողջ ընթացքում կստեղծվի 650-700 աշխատատեղ: -լ-