Արմինֆո. Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը չի հավատում նոր վարչապետ Կարեն Կարապետյանի խոստացած արմատական փոփոխություններին:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կարծիքով վարչապետի քսանօրյա գործունեությունը ցույց տվեց, որ բոլոր փոփոխությունները կլինեն կոսմետիկ բնույթի: «Որոշ վերադասավորումներով ու պաշտոնանկություններով, ինչպես նաև նախարարությունների անվանումների հետ կապված մանիպուլյացիաներով Սերժ Սարգսյանը փորձում է պահպանել իշխանությունը»,-հայտարարել է նա, մտահոգություն հայտնելով, որ շուտով նախօրեին հրաժարական ներկայացրած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երրորդ անգամ կվերադառնա այդ պաշտոնին: Պատգամավորը հավելել է, որ եթե Կարապետյանը ցանկանում է ինչ-որ բան փոխել, ապա պետք է վերջ դնի քաղաքական մենաշնորհին:
Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գտնում է, որ Կարապետյանը հստակ հայտարարել է առաջիկա անգործության մասին: «Նա ոչ միայն պատրաստվում է բարձրացնել կենսաթոշակները, ինչպես ավելի վաղ հայտարարել էր խորհրդարանում, այլ նաև չգիտի, թե ինչպես պետք է ներգրավել պրոֆեսիոնալ կադրերի: Այս ամենը խոսում է այն մասին, որ կառավարությունը և վարչապետը չունեն հստակ ծրագիր և գործողությունների պլան»,-հայտարարել է նա: Պատգամավորը գտնում է, որ նոր կառավարության առաքելությունը հանրությանը համոզելն է, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրություններում ձայները տրվեն իշխող Հանրապետական կուսակցությանը:
Իր հերթին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արեն Ռուստամյանը հավաստել է, որ Կարապետյանը տրամադրված է վճռականորեն, որ առաջիկայում Հայաստանում սպասվում են արմատական փոփոխություններ: «Նա արդեն մեկնարկ է տվել լրջագույն բարեփոխումների գործընթացին, և մենք կհետևենք, որպեսզի բարեփոխումների հարցում նոր կառավարությունը լինի հետևողական»,-ընդգծել է Ռոստոմյանը, հավելելով, որ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է, հետևաբար, Կարապետյանն ստիպված կլինի լրջորեն աշխատել:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գտնում է, որ նոր կառավարությունը նոր տեմպով է աշխատում, ինչը պակասում էր նախորդ բոլոր կառավարություններին: Նրա խոսքով, կտրուկ փոփոխությունները կարող են ցնցել հասարակությանը և ունենալ բացասական հետևանքներ, հետևաբար, վարչապետը պետք է կիրառի երկփուլ բարեփոխումների ծրագիրը, ինչի մասին նախկինում հայտարարել էր:
Նշենք, որ նախօրեին տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստը, որի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց նոր կառավարության ներկայացուցիչներին: Նա հայտարարեց, որ կառավարությունը պետք է դառնա փոփոխությունների շարժիչ ուժը, ընդգծելով բարեփոխումների և լուրջ աշխատանքների անհրաժեշտությունը: