Արմինֆո. Այսօր կառավարության նիստը բացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախարարների կաբինետի անդամներին հղած իր խոսքում նախագահը հայտարարել է, որ պետական ծառայության անցնելիս միշտ անձնականը պետք է մղել երկրորդ պլան և ղեկավարվել երկրի ու ժողովրդի շահերով: Նա նաև ընդգծել է, որ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կառավարության անդամները նեղանալու կամ նեղսրտելու իրավունք չունեն: Նախագահը նաև հայտարրաել է, որ հիմնական շարժիչ, ստեղծարար ուժը պետք է կենտրոնացվի կառավարությունում, որի անդամները չպետք է նահանջեն խնդիրների առջև և պարտավոր են գտնել առաջ շարժվելու ուղիներ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն, ի պատասխան, ընդգծել է, որ կառավարությունն իր գործունեությունում ղեկավարվելու է ժողովրդի ակնկալիքներն ու իղձերն արդարացնելու գաղափարով: Նրա հավաստմամբ, կառավարության ծրագրի հիմքում ընկած է լինելու քաղաքացիների անվտանգության և պաշտպանության ապահովման, վաղվա օրվա հանդեպ ժողովրդի հավատի վերադարձման հայեցակարգը: «Մենք կանոնավոր կերպով հաշվետվություն ենք ներկայացնելու այդ ճանապարհին մեր քայլերի համար և լսելու ենք հասարակության խորհուրդները», - հավաստիացրել է վարչապետը: