Արմինֆո. Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ավելի բարձր պաշտոնի կնշանակվի: Հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀՀԿ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը:
Նրա ասելով, Օհանյանի ավանդը բանակաշինության մեջ վիթխարի է, հետևաբար, նախագահ Սերժ Սարգսյանը կգնահատի նրա աշխատանքը և ավելի բարձր պաշտոնի կնշանակի: Ընդ որում գեներալը չի ցանկացել որոշակիացնել, թե հատկապես որ գերատեսչությունը կգլխավրի Օհանյանը:
Գեներալը նաև կարծում է, որ պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանը լավ ծանոթ է բանակի վիճակին և կարող է պատշաճ ձևով աշխատել այդ պաշտոնում:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն, Վիգեն Սարգսյանն ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնում: Նախագահի մեկ այլ հրամանագրով Սեյրան Օհանյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Գևորգյանն ազատվել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնից և նշանակվել նախագահի աշխատակամի ղեկավար: Իսկ ԱԱԽ քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը, որն այդ առնչությամբ ազատվել է ՊՆ գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Գլխավոր շտաբի ղեկավար է նշանակվել Մովսես Հակոբյանը, որն այդ առնչությամբ ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: