Արմինֆո.Նավթի գների անկումը և ապրիլյան անհաջողությունն անմիջականորեն կապված են Ադրբեջանի ռազմական բյուջեի կրճատման հետ, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով Ադրբեջանի ռազմական բյուջեի նվազման առնչությամբ ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
ՙՎերջին 22 տարիներին Ադրբեջանը փաստացի պատրաստվել է ապրիլյան իրադարձություններին: Վերջին 4-5 տարում շուրջ $ 20 մլրդ է ծախսել սպառազինման վրա: Կարելի է ասել, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը ճիշտ են գործել տեխնիկական տեսակետից, մարտական գործողություններում ներգրավված են եղել նաև հատուկ ջոկատայիններ, Ադրբեջանի կողմից էր նաև հանկարծակիության գործոնը, իսկ մարտական գործողությունների արդյունքն է՝ երկու ՙկարտոֆիլի դաշտ՚՚,- նշել է փորձագետը:
Քաղաքագետը գտնում է, որ պաշտպանական ծախսերի կրճատման ևս մեկ պատճառ է Ադրբեջանի նկատմամբ բավական լուրջ քաղաքական ճնշումը:
Միաժամանակ փորձագետը գտնում է, որ ասվածն ամենևին չի նշանակում, որ ապագայում Ադրբեջանը կհրաժարվի իրավիճակի սրման նոր փորձերից:
Անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, որ Ադրբեջանը մտադիր է Իսրայելից ձեռք բերել ՙԵրկաթե գմբեթ՚ հակահրթիռային պաշտպանության համակարգ՝ Իսկանդարյանն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն երբեք այդ համակարգը չի գնի:
ՙՀայաստանում զորահանդեսից հետո Ադրբեջանի հիստերին շարունակվում է: Բայց պետք է հասկանալ, որ Ադրբեջանը երբեք այդ համակարգը չի գնի. առաջինը՝ այսօր դրա համար գումար չունի, երկրորդ՝ այդ համակարգը ՙԻսկանդեր՚ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալրների համար չէ: Դրանք ամենաշատը կարող են կիրառվել ՙԳրադ՚ համազարկային կրակի հրթիռային համակարգի դեմ՚,- ասել է փորձագետը:
Նշենք, որ 2017թ. պետբյուջեի նախագծի համաձայն՝ պաշտպանությանն ուղղված ծախսերը 2016 թվականի համեմատ կնվազեն 613,4 մլն մանաթով (27,5%) և կկազմեն 1 մլրդ 615 մլն մանաթ: 2015 թ. Ադրբեջանի ռազմական ծախսերը մոտեցել են 5 մլրդ դոլարին: Նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներում նշել է, որ նավթի գներ անկման հետևանքով Ադրբեջանի եկամուտները կրճատվել են 4 անգամ՝ ընդգծելով ծախսերի կրճատման անհրաժեշտությունը: