Արմինֆո. Այն, թե ինչպես կանդրադառնա քաղաքացիական անձին պաշտպանության նախարար նշանակելը Հայաստանի պաշտպանունակության վրա, ժամանակը ցույց կտա, հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Փորձագետը հիշեցրել է, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ եղել են քաղաքացիական անձ հանդիսացող պաշտպանության նախարարներ՝ Վազգեն Մանուկյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, ովքեր, քաղաքագետի համոզմամբ, բավականին արդյունավետ են աշխատել:
ՙՊաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանին նշանակելը վկայում է այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ձեռքը զարկերակի վրա է պահելու և ուշադրությամբ հետևելու է այն ամենին, ինչ տեղի է ունենում հայկական բանակում: Ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ նորանշանակ պաշտպանության նախարարը լավ կապեր ունի ռուսական ընտրախավի հետ՚,- նշել է քաղաքագետը: Իսկանդարյանը նաև փաստել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում քաղաքացիական անձի նշանակումն արևմտյան դասական մոդել է:
Ըստ որում, նա նշել է, որ անվտանգության հարցը Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի, և Գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանը կկարողանա արժանապատվորեն կատարել իր վրա դրված առաքելությունը:
Խոսելով ընդհանուր առմամբ Հայաստանի կառավարության փոփոխման մասին՝ քաղաքագետն ընդգծել է, որ հուլիսին ՊՊԾ գնդի շենքի զավթումից հետո պարզ դարձավ, որ գործող իշխանությունների լեգիտիմությունը ՙպլինտուսից ցածր՚ է:
ՙԱպրիլյան իրադարձություններից հետո հարվածի տակ հայտնվեց միակ չապականված կառույցը՝ բանակը: Վերոհիշյալ բոլոր գործոնները հին կառավարության ցրման պատճառ հանդիսացան: Բայց պետք է հստակ հասկանալ, որ ընտրություններից կես տարի առաջ չի կարելի լուծել մեր երկրում առկա ոչ մի խնդիր: Այն հարցերը, որոնք բարձրացնում է նոր վարչապետը, տեղին են, սակայն պետք է հասկանալ, որ դրանց լուծման համար ժամանակ և տարիների քրտնաջան աշխատանք է պետք: Պետք է հասկանալ, որ 6 ամսում Հայաստանը Շվեյցարիա չես դարձնի: Սակայն, առաջիկա ընտրություններին կարելի է գնալ գոնե ինչ-որ բագաժով՝ ճիշտ գործելու դեպքում՚,- եզրափակել է փորձագետը: