ԱրմԻնֆո: Քրեական կրքերը համայնքապետի պաշտոնների համար պայքարում չեն հանդարտվում. հերթական միջադեպը տեղի է ունեցել Վանաձորում`քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանի մասնակցությամբ:
Ականատեսների վկայությամբ, երեկ ուշ երեկոյան Փելեշյանն անսթափ վիճակում հարձակվել է Հայ Ավետարանական եկեղեցու Վանաձորի թեմի առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանի վրա` հենց վերջինի աշխատասենյակում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է Գրիգորյանի օգնականներից մեկը, ով չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, Փելեշյանը Գրիգորյանին սպառնացել է ատրճանակով, այնուհետև դաժանաբար ծեծել է նրան: Ուշագրավ է, որ միջադեպի պահին շնեքում են եղել նաև Գրիգորյանի ընտանիքի անդամները, արտասահմանցի հյուրեր: Սակայն նրանք չեն կարողացել կանխել միջադեպը, քանի որ դրան խոչընդոտել են Փելեշյանի կողմնակիցները, որոնք նրա հետ միասին ներխուժել էին շենք: Միայն Գրիգորյանի ընտանիքի անդամների բարձրացրած աղմուկից հետո օգնության են հասել հարևաններն ու այլ հարազատներ, ինչից հետո Փելեշյանն ու իր կողմնակիցները հեռացել են: Միջադեպի պատճառը եղել է քաղաքապետի թեկնածուի դժգոհությունը այն փաստից, որ Գրիգորյանն ու նրա գլխավորած թեմի հավատացյալներն իրենց ձայները տվել են ՀՀԿ-ին, իբր, Հայաստանի փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանի դրդմամբ:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, Փելեշյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ոստիկանությունն ուսումնասիրում է միջադեպի վայրում և մերձակայքում տեղադրված տեսախցիկների տգյալները:
Ուշագրավ է, որ սա միակ արյունալի միջադեպը չէ, որով ուղեկցվել են ՏԻՄ ընտրությունները: Հոկտեմբերի 1-ին համանման ծեծկռտոց էր տեղի ունեցել Սևանում, որտեղ ընտրական գործընթացներն անցել են առանձնապես լարված իրադրությունում: Կռիվ էր տեղի ունեցել արդեն ընտրված քաղաքապետ Սարգիս Մուրադյանի (նրան սատարում էր ՀՀԿ-ն) և նրա ընդդիմախոսների կողմնակիցների միջև: Ընդ որում, Սևանի բնակիչների վկայությամբ, ողջ նախընտրական պայքարը քաղաքում ուղեկցվել է ծեծկռտոցներով, որոնք, հիմնականում, հրահրել են Մուրադյանի կողմնակիցները: Որոշ դրվագների առնչությամբ հարուցվել են քրեական գործեր:
Հիշեցնենք, որ Գյումրիում նույնպես ընտրություններն առանց ողբերգական միջադեպի չեն անցել, նախընտրական քարոզարշավի ընթացքում ինքնասպան է եղել ԲՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդին` Արշակը: Սակայն ԲՀԿ ղեկավարությունը որոշակի թերահավատությամբ վերաբերվում ինքնասպանության պաշտոնական վարկածին: