Արմինֆո. Հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունները որակապես տարբերվում էին բոլոր նախորդներից, քանի որ նկատելի է իրական քաղաքական մրցակցություն: Այդ մասին հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նա ընդսմին կարծիք է հայտնել, թե այդ ընտրությունների ընթացքում շատ կեղծիքներ և խախտումներ չեն արձանագրվել: Ընդհանուր առմամբ, դաշնակցականը դրական է գնահատել բուն ընտրական գործընթացը, հավելելով, որ ՀՅԴ-ն դժգոհ է Գյումրիում և Վանաձորում քվեարկության արդյունքներից: «Մենք միանգամայն այլ ակնկալիքներ ունեինք, Գյումրիում մենք ակնկալում էինք ստանալ ձայների առնվազն 10%, քանի որ ակտիվ էինք աշխատել, ներկայացվել էր բավականին հեղինակավոր կուսակցական ցուցակ», - նշել է նա: Այդուհանդերձ, Վարդանյանը հայտարարել է, որ ՏԻՄ ընտրություններում ամեն բան կատարյալ չէր, քանի որ գործընթացին միջամտել են նաև քրեական հեղինակություններ: Նա կոչ է արել ՏԻՄ ընտրությունների արդյունքները չկապել 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Վարդանյանը նաև հերքել է այն տեղեկատվությունը, թե ՀՅԴ-ն կաշառք է բաժանել Կապանում` գազի և բենզինի կտրոնների տեսքով:
Հիշեցնենք, որ, ըստ նախնական արդյունքների, երկու քաղաքներում էլ հաղթել են ՀՀԿ թեկնածուները: Գյումրիում հաղթել է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը` 34.64% քվե, երկրորդ տեղում է ԲՀԿ-ն է` 21,7%, երրորդն է «Հայկական վերծանունդը»` 10.62%, չորրորդ տեղում է ԳԱԼԱ-ն`10.49% -ով, հինգերորդն է «Միասնությունը»` 5.77% վեցերորդն է «Գյումրեցու ոգին»`5,74%, յոթերորդն է ՀՅԴ-ն`5,36%: Իսկ Վանաձորում ՀՀԿ-ն ձեռք է բերել 37.55%, «Լուսավոր Հայաստանը»` 27,54%, «Հայկական վերածնունդը»` 13,27%, ՀՅԴ` 6,37%, «Միասնություն», ՀԱԿ և «Քաղաքացիական պայմանագիրը» - չեն հաղթահարել 5% շեմը: