Արմինֆո. ԱՄՆ-ը աջակցում է ղարաբաղյան հակամարտության՝ բանակցությունների միջոցով կարգավորմանը:
Ինչպես հաղորդվում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրուդոն՝ մեկնաբանելով պետքարտուղար Ջոն Քերիի ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, որ այժմ չի դիտվում հիմնախնդրի կարգավորման հնարավորություն, նախևառաջ, որովհետև ՙԱդրբեջանի և Հայաստանի առաջնորդները պատրաստ չեն՚:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում են ակտիվորեն փոխգործակցել կողմերի հետ:
ՙՄենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, կիսում ենք ԵԱՀԿ ՄԽ մեր գործընկերների դիրքորոշումը, ըստ որի՝ արդար կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի, այդ թվում՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, որը ներառում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքը ՚,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ խաղաղության ապահովման համար պատասխանատվություն են կրում երկու երկրների առաջնորդները:
ՙԵվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել հակամարտության՝ բանակցությունների ճանապարհով խաղաղ կարգավորման կարևորությունը՚,- ասել է Թրուդոն: