Արմինֆո. ՙՔաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը զարմացած է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությանը հաջողվել է հաղթանալ տանել Գյումրիում և Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Այդ մասին նա հայտարարել է այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով, ընտրողների հետ հանդիպումների ընթացքում նա նկատել է այդ քաղաքներում ընդդիմադիր տրամադրություններ, սակայն ընտրությունների արդյունքները հակառակ պատկերը ցույց տվեցին: Ըստ որում, Փաշինյանը հայտարարել է, որ չի կարող հավաստել ընտրական գործընթացում կեղծիքների մասին: ՙՏեղեկություններ կան կաշառք բաժանելու մասին, սակայն մենք փաստեր չունենք այդ մասին, հետևաբար՝ չեմ կարող հանդես գալ նման հայտարարությամբ՚,- նշել է նա՝ ավելացնելով, որ իր գլխավորած կուսակցությունն իր պարտության վերլուծություն կկատարի, ինչից հետո հանդես կգա հայտարարությամբ:
Այն հարցին, թե արդյոք ՙՔաղաքացիական պայմանագիրը՚ ճանաչում է Վանաձորում և Գյումրիում ընտրությունների արդյունքները՝ Փաշինյանը հայտարարել է, որ կուսակցությունն ընդամենը նկատի է առել ընտրությունների արդյունքները: Նա նաև ավելացրել է, որ իր գլխավորած կուսակցությունն առաջվա պես հավակնում է միակ ինստիտուցիոնալ ընդդիմության կոչմանը: ՙԸնտրություններում պարտությունը ցույց տվեց, որ ընդդիմությունը պետք է հրաժարվի պայքարի իր ավանդական մեթոդներից և ձեռնամուխ լինի ավելի նոր ու կրեատիվ մեթոդների՚,- ընդգծել է նա:
Նշենք, որ նախօրեին ՏԻՄ ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել կառավարող ՀՀԿ-ն: ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուները հաղթել են երկրի բոլոր խոշոր բնակավայրերում: Բացառություն են մի քանի գյուղեր, որտեղ ավագանում ընտրվել են ՀՅԴ կամ ԲՀԿ անդամներ: Գյումրիում հաղթել է ՀՀԿ աջակցությունը վայելող Բալասանյանի դաշինքը, որը գլխավորում էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, դրան հետևում են ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդը», նորաստեղծ «Գալան»: Հատկապես մրցակցային պայքար էր ծավալվել Վանաձորում ՀՀԿ և նորաստեղծ «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջև, որը գլխավորում է պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այդ երկու կուսակցությունների միջև ձայների տարբերությունն ընդամենը մի քանի հազար է: Այնուհետև մեծ տարբերությամբ գալիս է «Հայկական վերածնունդը», ում կուսակցական ցուցակը գլխավորել է վանաձորցի «հեղինակություն» Արկադի Փելեշյանը: Մնացած կուսակցությունները հավաքել են 2 հազարից պակաս ձայներ: