Արմինֆո. Նախօրեին ՏԻՄ ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել կառավարող ՀՀԿ-ն:
ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուները հաղթել են երկրի բոլոր խոշոր բնակավայրերում: Բացառություն են մի քանի գյուղեր, որտեղ ավագանում ընտրվել են ՀՅԴ կամ ԲՀԿ անդամներ:
Իրավիճակն առավել հետաքրքիր է Գյումրիում և Վանաձորում: Գյումրիում հաղթել է ՀՀԿ աջակցությունը վայելող Բալասանյանի դաշինքը, որը գլխավորում էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, դրան հետևում են ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդը», նորաստեղծ «Գալան»:
Հատկապես մրցակցային պայքար էր ծավալվել Վանաձորում ՀՀԿ և նորաստեղծ «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջև, որը գլխավորում է պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այդ երկու կուսակցությունների միջև ձայների տարբերությունն ընդամենը մի քանի հազար է: Այնուհետև մեծ տարբերությամբ գալիս է «Հայկական վերածնունդը», ում կուսակցական ցուցակը գլխավորել է վանաձորցի «հեղինակություն» Արկադի Փելեշյանը: Մնացած կուսակցությունները հավաքել են 2 հազարից պակաս ձայներ:
Ուշագրավ է, որ ինչպես Գյումրիում, այնպես էլ Վանաձորում ընդդիմադիր ձայները գերազանցել են ՀՀԿ-ին տրված ձայները: Իսկ դա նշանակում է, որ ընդդիմության համախմբման դեպքում ՀՀԿ-ին չէր հաջողվի այդքան համոզիչ հաղթանակ տանել ՏԻՄ ընտրություններում:
Հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել նաև Սևան և Արթիկ քաղաքներում: Սևանում հաղթել է անկուսակցական Սարգիս Մուրադյանը, որին սատարում էր ՀՀԿ-ն: Մինչդեռ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, որը ՀՀԿ անդամ է, հարազատ կուսակցության աջակցությունը չի ստացել, ինչի հետևանքնով տանուլ է տվել:
Իսկ ահա Արթիկում իրավիճակը եղել է ճիշտ հակառակը: Հաղթել է ՀՀԿ աջակցությունը չվայելող թեկնածու Մխիթար Վարագյանը` թեև կուսակցության անդամ է: Իսկ նրա մրցակիցը ԲՀԿ պատգամավոր Մուշեղ Պետոյանն էր, որին, սակայն, սատարում էր ՀՀԿ-ն:
Սիսիան և Կապան քաղաքներում նույնպես հաղթել են ՀՀԿ թեկնածուները: