Արմինֆո. Հայաստանը 86-րդ տեղն է զբաղեցրել բժշկական հեղինակավոր The Lancet ամսագրի կազմած վարկանիշում ըստ կայուն զարգացման 33 բժշկական ցուցիչների:
Ըստ հրապարակման, Հայաստանը 61 միավորով զբաղեցրել է 85-րդ տեղը վարկանիշում (առավելագույնը`100 միավոր): Վարկանիշի հեղինակները բարձր են գնահատել Հայաստանի հաջողությունները ծննդօգնության, մալարիայի և այլ արևադարձային հիվանդությունների դեմ պայքարում: Վարկանիշի համաձայն, գործերը վատ չեն նաև երեխաների նորմալ աճի և զարգացման ապահովման, սանիտարական պայմանների կազմակերպման, ինչպես նաև հարբեցողության, ընտանեկան բռնության և օդի աղտոտվածության դեմ պայքարի գործում: Ինչ վերաբերում է խնդիրներին, վարկանիշը ցույց է տվել, որ վիճակն առայժմ բավականին վատ է ջրի մաքրության և անվտանգության և հեպատիտ В-ի տարածվածության առումով: Խնդիրներ են գրանցվել նաև մայրական և մանկական մահացության, վթարների հետևանքով վնասվածքների և մի շարք այլ ոլորտներում:
Հարևան Ադրբեջանը 75 տեղում է, Վրաստանը - 106, Իրանը - 104, Թուրքիան - 103, Ռուսաստանը - 119 տեղերում: Ելնելով վարկանիշի տվյալներից Ռուսաստանում ամենից վատ իրավիճակը կապված է ալկոհոլի օգտագործման, ինքնասպանությունների, բռնություններով մահվան և ՄԻԱՎ հիվանդությունների հետ:
Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Իսլանդիան, առաջին հնգյակի մեջ են մտել նաև Սինգապուրը, Շվեդիան, Անդորրան և Մեծ Բրիտանիան: ԱՄՆ-ն վարկանիշում 28-րդ տեղն է զբաղեցրել ՄԻԱՎ-ի, ինքնասպանությունների և բռնության հետ կապված խնդիրների պատճառով: ԱՄՆ-ին հետևում են Էստոնիան և Նոր Զելանդիան:
Վերջին` 188-րդ տեղը զբաղեցրել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, որտեղ հիգիենայի պահպանման հետ կապված ամենավատ իրավիճակն է արձանագրվել, ինչպես նաև պատերազմներից և մալարիայից շատ բարձր մահացություն:
Երկրների` բժշկության, կյանքի և առողջության հետ կապված կայուն զարգացման ինդիկատորներով վարկանիշը կառուցվում է` ելնելով 33 ցուցիչների գումարային գնահատականից, որոնցից յուրաքանչյուրը հաշվարկվում է 0-ից (վատագույն արդյունքը) մինչև 100 սանդղակով: Չափանիշներից հաշվի է առնվել մանկական և նորածնային մահացությունը, ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացությունը, երեխաների ավելորդ քաշը, ալկոհոլի օգտագործման և ծխելու մակարդակը, ՄԻԱՎ-ով, տուբերկուլոզով, հեպատիտ B-ով հիվանդացումը, ինչպես նաև ինքնասպանությունների թիվը: Բացի այդ, փորձագետներն ուսումնասիրել են բռնի գործողություններից և պատերազմներում մահացությունը: Յուրաքանչյուր չափանիշով հաշվարկն իրականացվել է 1990-ից մինչև 2015 թվականի իրավիճակի վերլուծության վրա:
The Lancet-ը բժշկական հեղինակավոր ամսագիր է: Այն հիմնվել է 1823 թվականին, անգլիացի վիրաբույժ Թոմաս Ուոքլեյի կողմից, անվանելով այն բժշկական գործիքի, «լանցետի» անունով: