Արմինֆո. ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի հետ կշարունակի նախընտրական պայքարը Գյումրիում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, որդու մահվան պատճառով Գրիգորյանը մտադիր չէ ինքնաբացարկ հայտնել և կշարունակի պայքարել քաղաքապետի պաշտոնի համար: ՙՆախընտրական արշավի շարունակման համար պատասխանատվությունը կուսակցության քաղաքական թիմը վերցնում է իր վրա՚,- ընդգծել է նա:
Զոհրաբյանն ավելացրել է նաև, որ չի հավատում Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակի ինքնասպանության վարկածին: ՙՄենք հետևողական ենք լինելու, որ բացահայտվի կատարվածի իրական պատկերը: Ինձ համար անբացատրելի է, թե ինչպես կարող էր ինքնասպան լինել մի մարդ, ով րոպեներ առաջ զբաղվում էր նախընտրական շտաբի կազմակերպչական աշխատանքներով, կամ ինչպես նա կարող էր ինքնասպանություն գործել ձախ ձեռքով, երբ նա աջլիկ էր՚,- ընդգծել է նա: Ըստ որում, պատգամավորն ավելացրել է, որ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով: ՙՊարզ չէ, թե ով է նրան ինքնասպանության հասցրել: Բացի այդ, տարօրնակ են իրավապահ մարմինների միանշանակ պնդումները, թե տեղի ունեցածն ինքնասպանություն է՚,- նշել է Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ քննությունը պետք է տա բոլոր անհասկանալի հարցերի պատասխանները: ՙԵթե դա չարվի, եթե կրկին հովանավորչության փորձեր լինեն, Գյումրին չի ների դա՚,- ասել է նա՝ նշելով, որ իրավիճակը քաղաքում խիստ լարված է:
ՀՀ քննչական կոմիտեի վարկածի համաձայն՝ 1990թ. ծնված Արշակ Գրիգորյանը 2016թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:30-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տան նկուղում ինքնասպանություն է գործել ապօրինի կերպով ձեռք բերված «Մակարովե տեսակի «ԼԱ 1948 Րե գործարանային համարի ատրճանակից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարովե տեսակի ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ և 1 գնդակ։ Որոշում է կայացվել Արշակ Գրիգորյանին տուժող ճանաչելու մասին: Կատարվել է դիակի զննություն, ըստ որի՝ դիակի աջ և ձախ քունքային շրջանում հայտնաբերվել են վերքեր, որոնցից աջ քունքային վնասվածքը, ըստ մասնագետների, մուտքային է, իսկ ձախ քունքային շրջանի վերքը` ելքային: Առգրավվել են տուժածի, ինչպես նաև՝ նրա դիակը հայտնաբերած հարազատի հագուստները, վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց թվում՝ դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատակենսաբանական: Հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց թվում՝ տուժածի մերձավոր ազգականները, հարազատները, ընկերները։ Օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տարածքում առկա են տեսանկարահանող սարքեր, որոնց տեսագրություններն առգրավվել են, և նշանակվել է տեսաձայնագրային փորձաքննություն։ Ա.Գրիգորյանի ինքնասպանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։