Արմինֆո. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է 8 դիմում՝ ՏԻՄ ընտրությունների թվով 11 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, 2016 թվականի սեպտեմբերի 18-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի 317 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել սեպտեմբերի 19-ին` ժամը 12.00-ից մինչև 18.00-ն:
Սահմանված ժամկետում թիվ 20 և թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են 8 դիմում՝ թվով 11 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ:
Տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:
Ընտրական հանձնաժողովներում դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացվել են նաև ընտրություններին առնչվող 142 այլ դիմումներ: Նշված դիմումներից 87-ը ներկայացվել են թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, իսկ թիվ 14, 15 և 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին հասցեագրված մյուս 55 դիմումներից 28-ը սեպտեմբերի 18-ին և 27-ը սեպտեմբերի 19-ին ներկայացվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Բոլոր դիմումներն սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվեն ընտրական հանձնաժողովների կողմից:
Նշենք, որ նախօրեին 37 համայնքներում տեղի ունեցավ ՏԻՄ առաջին փուլի ընտրությունները, որոնք, ըստ տեղական դիտորդների, ընթացան բազմաթիվ խախտումներով ու կեղծիքներով: Մասնավորապես, «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնույթունը և Transparency International կազմակերպությունը հաղորդում են, որ ընտրությունների նախօրեին, ինչպես նաև ընթացքում, ստացել են բազմաթիվ խախտումների վերաբերյալ ազդանշաններ: Մասնավորապես, խոսքը գնում է ուրիշի փոխարեն ընտրելու, քվեաթերթիկների հափշտակման և լցոնների, ընտրական տեղամասից դուրս ընտրելու, ընտրողներին վախեցնելու, ընտրատեղամասերում հերթերի կուտակումների, բազմակի քվեարկությունների, լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու փաստերի մասին: Իսկ Էջմիածին քաղաքում գործը հասավ նույնիսկ քաղաքապետ, գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու` Կարեն Գրիգորյանի կողմից թեկնածուներից մեկին հափշտակելու և ահաբեկելու մասին, ինչի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Ծեծի ենթարկված թեկնածուն դեռ հիվանդանոցում է: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում ընտրությունների մասնակցությունը կազմել է 40%: Քվեարկության ընդհանուր արդյունքներն առայժմ հայտնի չեն: