Արմինֆո. Հայաստանը Սիրիայում խաղաղության հաստատմամբ առավել շահագրգռված կողմերից մեկն է: Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է արտգործնախարարի պաշտոնակատարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Սիրիայի իրավիճակին:
Նա հիշեցրել է, որ Սիրիայում ապրում է բավականին մեծաթիվ հայ համայնք, և Հայաստանն անում է հնարավոր ամեն ինչ` սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին աջակցելու համար:
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հակամարտության ողջ ընթացքում այդ երկրում միայն Հայաստանի հյուպատոսությունը չի դադարեցրել իր գործունեությունը և մինչ օրս աշխատում է», - նշել է դիվանագետը: Ընդ որում Քոչարյանը հույս է հայտնել, որ կհաջողվի առաջընթացի հասնել Սիրիայում ճգնաժամում: «Հայաստանն ուշադիր հետևում է Սիրիայի իրավիճակին: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Սիրիայում կրակի դադարեցման հույս են ներշնչում: Առայժմ դա միայն հույս է, սակայն դրա համար կան բոլոր նախադրյալները», - ամփոփել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ժնևում կարողացել են հասնել Սիրիայի շուրջ բեկումային համաձայնության: Նախ, այն ենթադրում է հրադադար: Եթե ծրագիրն աշխատի, կողմերը կստեղծեն համատեղ մարմին` ահաբեկիչներին հարվածները համակարգելու համար: