Արմինֆո. Ռուսաստանի ՌՏՈւ կողմից Իրանի ռազմակայանի օգտագործման հարցում ինչ-որ բան ի սկզբանե այնպես չի գնացել: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
ՙՊատկերացնում եմ, թե որքան դժվար է եղել պաշտոնական Թեհրանի համար ռուսական կողմին Համադանի ավիաբազայից ԻԼԻՊ-ի ենթակառուցվածքներին ավիահարվածներ հասցնելու հնարավորություն տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնելը: Չեմ հիշում դեպք, որ իրանական ղեկավարությունն ինչ-որ երրորդ երկրի դեմ ռազմական գործողություն կազմակերպելու համար իր տարածքն օգտագործելու թույլտվություն տա այլ պետության զինված ուժերի: Դրան պետք է ավելացնել շատ նուրբ մի հանգամանք, որ տվյալ դեպքում ԻԻՀ առաջնորդները թույլատրել են քրիստոնյա Ռուսաստանի կողմից դավանակիցներին՝ մահմեդական սունիներին ավիահարվածներ հասցնելը՚,- նշել է նա:
Մելիքյանը համոզված է, որ նման որոշում կայացնելու համար իրանական կողմին բավական ժամանակ է պահանջվել՝ հաշվի առնելով, որ Թեհրանն ընդհանրապես չի սիրում ինքնաբուխ որոշումներ: Մինչդեռ հետագա համագործակցության դադարեցման համար մեկ օր է պահանջվել: Վերլուծաբանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ կողմերի միջև եղել են շատ կոշտ, չնչին շեղում բացառող պայմանավորվածություններ, որոնք խախտվել են ռուս զինվորականների և քաղաքական գործիչների կողմից:
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը, ըստ նրա, կամ սխալ տեղ են ռմբակոծել և չհամաձայնեցված ժամանակում կամ ռուսական քարոզչությունը բարձրաձայնել է այն, ինչի մասին պետք է լռեր: Այս առումով նա ակնհայտ է համարում, որ տվյալ իրավիճակում պաշտոնական Թեհրանը, խիստ ռիսկի դիմելով, ընդառաջել է Մոսկվայի ցանկություններին և շատ արագ հիասթափվել ռուս գործընկերների գործողություններից:
Մինչդեռ Մոսկվա-Բաքու-Թեհրան առանցքի հարցը, նրա կարծիքով, ռուս-իրանական ռազմական համագործակցությա այդ ձախողված դրվագի հետ անմիջականորեն կապված չէ: Մելիքյանը գտնում է, որ թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին անհրաժեշտ է Ադրբեջանին դուրս բերել Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցության ոլորտից, և դրանում է նրանց ընդհանուր շահը:
ՙԱյլ բան է, որ առանց Իրանի աջակցության Ռուսաստանն այսօր ի վիճակի չէ միայնակ լուծել այդ խնդիրը: Այսինքն՝ ռուսական կողմը վերջին ավելի քան երկու հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ ստիպված էր Իրանի աջակցությունը փնտրել Հարավային Կովկասում իր շահերի առաջմղման համար: Իսկ դա նշանակում է, որ Իրանը նոր դեր և նոր իրավունքներ է ստացել տարածաշրջանում՝ Ռուսաստանի հավանությամբ և աջակցությամբ՚,- ամփոփել է վերլուծաբանը: