ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իշխանություններին առաջարկում է գումարել խորհրդարանի արտահերթ նիստ և փոփոխություն կատարել 2016 թվականի բյուջեում: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 10-ին խորհրդարանում անցկացված ճեպազրույցում:
Նրա ասելով, բյուջեում հաշվի չեն առնվել ապրիլյան իրադարձությունները, հետևաբար, անհրաժետ է փոխել դրա ծախսերի մասը: «Երբ քննարկվում էր բյուջեի նախագիծը, կատարվել է միջոցների այլ բաշխում, այժմ կարելի է վերանայել փաստաթուղթը, կրճատել որոշ ոլորտների ֆինանսավորումը և այդ միջոցներն ուղղորդել պաշտպանության ոլորտին», - ընդգծել է նա:
ԲՀԿ խմբակցկության անդամ Միքայել Մելքումյանն, իր հերթին, հայտարարել է, թե դեմ է կրճատումներին, սակայն հնարավոր է համարում միջոցների վերաբաշխումը: Այդ համատեքստում Մելքումյանը հայտարարել է, որ զինված ուժերի ֆինանսավորմանն առնչվող խնդիրներ չկան, ընդ որում ենթադրել է, որ ստվերային միջոցների մի մասն ուղղորդվում է բանակի կարիքներին:
Մինչդեռ ՀՀԿ խմբակցկության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե տվյալ պահի դրությամբ բյուջեի միջոցների վերաբաշխման ոչ մի անհրաժեշտություն չկա, սակայն, եթե այն ծագի, ապա կառավարությունը հանդես կգա համապատասխան նախաձեռնությամբ: Նա նաև հերքել է Մելքումյանի ենթադրությունը, հայտարարելով, որ բանակը ֆինանսավորվում է բացառապես բյուջեի միջոցներից, չնայած այն հանգամանքին, որ հենց պաշտպանության նախարարը բազմիցս հայտարարել է, որ ԶՈՒ ծախսերի որոշակի մասը ծածկվում է արտաբյուջետային միջոցների հաշվին:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հիմնական ֆինանսական փաստաթղթի տեքստի համաձայն, բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է ՀՆԱ-ի 3.5%-ի չափով, ինֆլյացիան` 4%-ի մակարդակում: Բյուջեի եկամտային մասը` 1 տրլն. 183 մլրդ. դրամ` 2015 թվականի 1 տրլն 191 մլրդ դրամի դիմաց, ինչը, փաստորեն, նշանակում է գրեթե 8 մլրդ դրամով կրճատում: Ընդ որում, 2016 թվականի բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրլն. 373,7 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը` 197 մլրդ դրամ: ՀՆԱ իրական աճը նախատեսվում է 2.2%, 12-ամսյա գնաճը` 4% (+1.5%), իսկ պետբյուջեի դեֆիցիտը նախատեսվում է ՀՆԱ-ի 3.5%-ի մակարդակում: (1 դոլարը` 479,86 դրամ):