Կոռոպցիայի և մենաշնորհների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ստեղծել անկախ մարմին, այլ ոչ թե՝ կառավարությանն առընթեր խորհուրդ, այսօր ճեպազրույցի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙՕրինաց երկիր՚ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Ըստ որում՝ նա նշել է, որ կոռուպցիայի վերացման համար անհրաժեշտ է վերացնել մենաշնորհները և հովանավորչությունը: Նա գտնում է նաև, որ ծառայողական մեքենաների և աշխատատեղերի կրճատումը պետական մարմիններում չի կարող շոշափելի արդյունքների հանգեցնել: ՙԱնհրաժեշտ են գործուն քայլեր, որոնք կարող է ձեռնարկել միայն անկախ մարմինը՚,- ընդգծել է նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին հայտարարել է, որ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարին ուղղված կառավարող կուսակցության բոլոր քայլերն իմիտացա են: Այս առումով նա նշել է, որ ավելի վաղ ՀԱԿ-ը ներկայացրել է կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի արդյունավետ ծրագիր: ՙԵթե նրանք, իրոք, ցանկանում են փոփոխություններ, թող իրենցից սկսեն, և եթե ողջ այս գործընթացն իմիտացիա չէ, առաջիկայում շարքային քաղաքացիները պետք է լայն սպառման ապրանքների գների 20-30% նվազման ականատես դառնան՚,- ընդգծել է նա: Զուրաբյանը գտնում է նաև, որ 800 ծառայողական ավտոմեքենաների կրճատումը թույլ կտա տնտեսել, բայց դա ամենափոքր բանն է, ինչ կարելի է անել՝ միջոցների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով: ՙԿառավարության աշխատակազմ ուռճացված է, երկրում մոլեգնում է կոռուպցիան և տնտեսական մենաշնորհները, հետևաբար՝ պետք է սկսել այս երևույթներն արմատախիլ անելուց՚,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ ՀԱԿ-ը չի մասնակցի կոռուպցիայի դեմ պայքարի՝ վարչապետի նախաձեռնած քննարկումներին:
Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավաստիացրել է, որ կառավարությունը հետևողական կլինի այդ չարիքի դեմ պայքարի հարցում, և ոչ ոքի չի հաջողվի շրջանցել օրենքըԼ Ըստ որում, Բաղդասարյանը չի բացառել, որ վարչապետը և նախագահը կշարունակեն իրենց կոշտ ելույթները և հանդիպումները գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահնամյանը հայտարարել էր, թե մտադիր է հասարակաքաղաքական քննարկումներ անցկացնել` առկա խնդիրների լուծումը գտնելու նպատակով: Նա նաև հայտարարել էր, որ մտադիր է արդյունավետ պայքար սկսել ընդդեմ կոռուպցիայի և մենաշնորհների, ինչպես նաև կրճատել ապարատի ծախսերը, և համապատասխան հանձնարարություններ էր տվել նախարարություններին ու գերատեսչություններին: Փետրվարի 12-ին համանման հայտարարությամբ հանդես էր եկել նախագահ Սերժ Սարգսյանը, որը հայտարարել էր, թե ժամանակն է շատ բան փոխել: Միևնույն ժամանակ, Հայաստանի շատ գործընկերներ, այդ թվում` ԵՄ-ն և ՄԱՆ-ը, արդեն հայտարարել են, որ մտադիր չեն ֆինանսական աջակցություն տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարի համար, քանի դեռ որոշակի և զգալի արդյունքներ չեն տեսել: