Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը և ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությանը կհանձնի 4 միավոր ազդանշանային համակարգ՝ իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հունիսի 3-ի նիստում հավանության արժանացած որոշման մեջ:
Որոշման նախագծում, մասնավորապես, ասվում է. «Որպես նվիրատվություն հանձնել՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում հաշվառված՝ 360․0 հազար դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով 1 միավոր ազդանշանային համակարգ (TBD-GA-20001m)՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը, 2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում հաշվառված՝ 1,080․0 հազար դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով 3 միավոր ազդանշանային համակարգ (TBD-GA-20001m)՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը»։
"Նշված ազդանշանային համակարգերն օգտագործվելու են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ծառայողական կարիքների համար, մասնավորապես՝ Գորիս-Դավիթ-Բեկ և Սյունիք-Ճակատեն ճանապարհների անվտանգության ապահովման և սահմանամերձ տարածքներ այցելությունների նպատակով", - ասվում է որոշման հիմնավորման մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մայիսի 27-ի նիստում կայացված որոշմամբ Հայաստանը անհատույց օգտագործման իրավունքով Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության Հայաստանի Հանրապետությունում տեղակայված սահմանապահ վարչությանը կհատկացնի Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասեր եւ գույք:
«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ամրացնել Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով էլ առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր: Որոշման նախագծի ընդունմամբ պաշտպանական նպատակներով նախանշված գործառույթները կհամապատասխանեցվեն ՀՀ գործող օրենսդրությանը», - ասվում է որոշման նախագծի հիմնավորման 2-րդ կետում: