Արմինֆո. Բելառուսի վերջին իրադարձությունների ժամանակ ռուսական գործոնը չափազանց գերագնահատված է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Վադիմ Դուբնովը։
"Միևնույն ժամանակ, Լուկաշենկոյի այցը Պուտինի մոտ, նրա ուղերձը Ռուսաստանին, իմ կարծիքով, միանգամայն գրագետ և տրամաբանական քայլ է։ Դրանով նա փորձում է որոշակի աշխարհաքաղաքական երանգ հաղորդել Բելառուսի ներքաղաքական իրադարձություններին։ Հիմա բելառուսները պահանջում են բացառապես նրա հրաժարականը՝ խուսափելով քաղաքական, առավել եւս, աշխարհաքաղաքական շեշտադրումներից", - ընդգծել է նա։
Մինչդեռ, եթե Լուկաշենկոյին հաջողվի փոխել կարգախոսների ու ցուցապաստառների բովանդակությունը Մինսկի փողոցներում, դրանով իսկ, ըստ վերլուծաբանի, նրան կհաջողվի իր կողմը թեքել հակաարևմտյան, ռուսամետ-հակամայդանական ուժերին։ Ըստ Դուբնովի՝ Բելառուսի նախագահն այժմ հենց այդ գիծն է վարում։ Նրա կանխատեսմամբ՝ դա մի փոքր կբարելավի նրա դիրքերը, սակայն սկզբունքային ազդեցություն նրա քաղաքական ճակատագրի վրա չի ունենա։
Ըստ Դուբնովի ՝ Բելառուսի նկատմամբ Մոսկվայի հետագա գործողությունները թելադրվում են քաղաքական տրամաբանությամբ։ Ռուսաստանը չի կարող միջամտել իրավիճակին, չպետք է և չի միջամտի, քանի որ հիմա 2014 թվական չէ, իսկ Բելառուսն էլ Ղրիմը չէ, ընդ որում, ոչ միայն քաղաքականապես, այլև աշխարհագրորեն։ Նրա գնահատականներով ՝ Ղրիմը գտնվում էր Արևմուտքի և Ռուսաստանի միջև անորոշության մեջ։ Մինչդեռ, Բելառուսը սահմանակից է ՆԱՏՕ-ի երեք երկրների, Ուկրաինայի եւ ՌԴ-ի հետ, ինչը հանգեցնում է մեծ ռիսկերի՝ միջամտության դեպքում:
"Սակայն, գոյություն ունի նաև իրադարձությունների զարգացման տրամաբանությունից հեռու տարբերակ։ Եվ մենք իրավունք չունենք անտեսելու նաև նման սցենարը։ Մեր վերնախավում կան բավարար թվով մարդիկ, որոնք սխալմամբ խենթ են անվանում։ Իրականում այդ մարդիկ հեռու են խելահեղությունից, ունեն իրենց տրամաբանությունը, իրենց դիվիդենտները և այդ պատճառով էլ հեռու չեն իրավիճակի սրման սցենարից։ Ամեն դեպքում, ես ավելի հավանական եմ համարում, այնուամենայնիվ, առաջին, տրամաբանական սցենարը", - նշել է նա։
Մեկնաբանելով բելառուսական սցենարի Ռուսաստան արտահանման հավանականության աստիճանը, որի մասին վերջին շաբաթներին պնդում է նախագահ Լուկաշենկոն, Դուբնովը նման կանխատեսումները չափազանցված է գնահատել։ "Չեմ կարծում, որ Բելառուսի սցենարը որեւէ կերպ կազդի Ռուսաստանի իրավիճակի վրա: Հատկապես՝ այն ֆոնին, երբ Խաբարովսկում իշխանության դեմ հանդես եկող մարդիկ զուգահեռաբար նահանգապետ են ընտրում "Եդինայա Ռոսիայից"։ Այսպիսով, ռուսական տրամաբանությունը փոքր - ինչ տարբերվում է բելառուսականից եւ հատուկ լավատեսություն չի ներշնչում", - ամփոփել է Դուբնովը: