Արմինֆո. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ դիմակ չկրելու ռեժիմը խախտելու համար տուգանքները չեղյալ համարելու խնդրանքով։
«Օգոստոսի 26-ին դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով չեղյալ համարել դիմակ կրելու ռեժիմը խախտելու համար սահմանված տուգանքները ՀՀ այն քաղաքացիների հանդեպ, ովքեր հաշվառված են անապահովության գնահատման համակարգում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Նշենք, որ այսօր նման հայտարարությամբ հանդես է եկել նաև երեք կուսակցությունների՝ ՀՅԴ - ի,<Բարգավաճ Հայաստան>- ի և <Հայրենիք> - ի աշխատանքային խումբը: Հայտարարության մեջ կուսակցությունները հայտնել են, որ մշակել են նախագիծ, որում հանդես են գալիս դիմակ չկրելու համար տուգանքները չեղյալ հայտարարելու օգտին։ <Քննարկելով համավարակի հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությունը, գործազրկության և աղքատության հարաճուն տեմպերը, աշխատանքային խումբը որոշեց մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ: Առաջիկայում այն ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:Աշխատանքային խումբը միաժամանակ որոշում կայացրեց դատական կարգով վիճարկել դիմակ չկրելու համար կիրառվող անհիմն տուգանքները և միջնորդել դատարանին՝ կասեցնելու Պարետի համապատասխան որոշումը>,-նշված է հայտարարության մեջ։