Արմինֆո. Խորհրդարանական դիվանագիտության արդյունքները մեկ օրում հնարավոր չէ զգալ, սակայն վերջին երկու տարիների մեր աշխատանքի արդյունքները բավականին շոշափելի են։
Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է "Իմ քայլը" խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա հայտարարել է, որ պատգամավորները գործուղումների ընթացքում կարողացել են ճիշտ ներկայացնել Հայաստանի շահերը եւ սերտ կապեր հաստատել երկրի գործընկերների հետ միջազգային խորհրդարանական տարբեր հարթակներում: "Այդ շփումների արդյունքում մենք կարողացանք մեր գործընկերներին օպերատիվ կերպով տեղեկացնել Ադրբեջանի ագրեսիայի մասին", - ընդգծել է նա:
Մակունցն անդրադարձել է նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ դրված բանաձևին, որը վերաբերում է Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանված անձանց վիճակին:
"Դա բավականին բարդ բանաձև է, որոշ շրջանակների կողմից այն ընկալվել է որպես հակառուսական, սակայն դրանում կան շեշտադրումներ, որոնք շոշափում են նաև Հայաստանի շահերը։ Այդ բանաձևի առնչությամբ մեծ աշխատանք են կատարում Հայ դատի ներկայացուցիչները, Հայկական կոնգրեսը, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը: Պետք է տեսնել, թե այս բանաձևի հետ կապված ինչ հետագա քայլեր կլինեն Սենատում", - ընդգծել է պատգամավորը։ Մակունցը նաեւ հայտարարել է, որ հանդիսանում է Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը, սակայն իր լիազորությունները բավական սահմանափակ են, եւ ինքը չի կարող որեւէ գործողություն իրականացնել այդ հարցի կապակցությամբ: "Սակայն մենք մշտական կապի մեջ ենք կոնգրեսականների հետ, շփվում ենք տեսակապով։ Մենք մեր գործընկերներին ներկայացրել ենք այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը և քննարկել ենք բանաձևից որոշ ձևակերպումներ հանելու հնարավորությունը", - ընդգծել է Մակունցը։ Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դատավարության հարցերի կոմիտեն օրակարգում ներառել էր կոնգրեսականներ Սթիվ Շաբոտի եւ Ստեֆեն Քոենի ուղղումը, որում խոսք է գնում "Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի օկուպացված տարածքներից փախստականների" մասին: