Արմինֆո. Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չի կարծում, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների փոփոխությունը կազդի երկրի քաղաքականության վրա։ Այդ մասին նա հայտարարել է Մինսկում հայ լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանում կադրային փոփոխություններին։ Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ ցավոք, Ադրբեջանի քաղաքականությունն ապակառուցողական էր։ "Տեսնենք, թե ինչպիսին կլինի այն հիմա", - նշել է նա:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես կարող է սահմանային իրավիճակը ազդել բանակցային գործընթացի վրա, Քոչարյանը պատասխանել է. "Բնական է, որ հակամարտության ուժային լուծման ցանկացած փորձ վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա։ Այս առումով՝ Ադրբեջանի վերջին գործողությունները միայն բարդացրել են իրավիճակը"։
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը փորձել է համագործակցել Հայաստանի հետ, փոխնախարարը նշել է. "Կարծում եմ՝ այդ իրավիճակում խնդիրն արտաքին չէ, այլ ավելի շուտ՝ ներքաղաքական: Ադրբեջանում վաղուց կադրային փոփոխություններ են տեղի ունենում, և տպավորություն է ստեղծվում, որ դրանք հեռուն գնացող նպատակներ են հետապնդում, ընդհուպ նախագահի փոփոխություն"։
Նշենք, որ հուլիսի 16-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Ջեյհուն Բայրամովը, որը նախկինում զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը։