Արմինֆո. Հայաստանն օգնության համար ՀԱՊԿ-ին չի դիմել։ Այդ մասին Մինսկում հայ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք Երևանը հիասթափված չէ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ-ի արձագանքից։
Քոչարյանը, մասնավորապես, ընդգծել է. "ՀԱՊԿ կանոնադրության մեջ կա համապատասխան հոդված, երբ տեղի է ունենում հարձակում, ՀԱՊԿ անդամ երկիրը կարող է օգնության համար դիմել։ Հայաստանը օգնության համար չի դիմել։ Մեր նպատակը բոլորովին այլ էր. մեր գործընկերներին տեղեկացնել իրավիճակի մասին։ Ակնհայտ է, որ եթե Հայաստանի սահմաններում սադրանք է իրականացվել, մեր գործընկերներին պետք է այդ մասին տեղյակ պահել։ Այդ պատճառով ինձ մի փոքր զարմացնում է այն փաստը, որ որոշ մարդիկ ինչ-որ ակնկալիքներ ունեին այդ հարցի վերաբերյալ", - ընդգծել է փոխնախարարը։
Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ը կողմերին կոչ է արել լիցքաթափել իրավիճակը։ "Կազմակերպությունը նախազգուշացրել է, որ եթե լարվածությունը չթուլանա, եւ հայկական կողմը օգնության համար դիմի, իրենք ստիպված կլինեն միջամտել", - ընդգծել է Քոչարյանը: